Մատչելիության հղումներ

Համանախագահները Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) Երևանում ասուլիսի ժամանակ, 9-ը ապրիլի, 2016թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) Երևանում ասուլիսի ժամանակ, 9-ը ապրիլի, 2016թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործոց նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին APA ադրբեջանական լրատվական գործակալությանը հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Համանախագահներն ակտիվորեն շարունակում են քննարկումները և ծրագրում են այս ամսվա ընթացքում Նյու Յորքում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ», - ասել է Ուորլիքը:

Նա հույս է հայտնել, որ համանախագահները հաջորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայում կհանդիպեն նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան օգոստոսի 31-ին հայտնել է, որ Մոսկվայում սեպտեմբերի 8-ին նախատեսված են ամերիկացի, ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեռ Անդրիոյի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի խորհրդակցությունները:

«Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հրատապ հարցերը, առավել ուշադրություն կհատկացվի Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, կքննարկվի նաև համատեղ աշխատանքի հետագա հեռանկարը»,- ասել է Զախարովան:

Նրա փոխանցմամբ՝ «խոսքը պլանային խորհրդակցությունների մասին է, որոնց նպատակն է համակարգել երեք երկրների ջանքերը ղարաբաղյան գործընթացում»:

Դառնալով Ռուսաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 8-ին նախատեսված խորհրդակցություններին, ամերիկացի համանախագահ Ուորլիքը APA գործակալությանն ասել է, որ քննարկվելու են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի են ունեցել 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի կրակի դադարեցման ամրապնդման համաձայնագրերի կնքումից հետո ամենածանր և արյունալի բախումները, որոնց հետևանքով թե՛ հայերը և թե՛ ադրբեջանցիները լուրջ կորուստներ են կրել:

Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերը պայմանավորվել են անշեղորեն հարգել նշված համաձայնագրերը, փաստել են, որ հարկ է ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ընդարձակել ԵԱՀԿ դիտորդական թիմի լիազորությունները և տեխնիկական հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG