Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ադրբեջանը «զգալիորեն ընդլայնելու են» ռազմատեխնիկական համագործակցությունը


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին (ձ) ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բաքու, 15-ը օգոստոսի, 2016 թ․
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին (ձ) ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բաքու, 15-ը օգոստոսի, 2016 թ․

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի, Ռուսաստանն ու Ադրբեջանը նախատեսում են «զգալիորեն ընդլայնել և հստակեցնել ռազմատեխնիկական համագործակցությունը»:

Չնայած Ադրբեջանը չի անդամակցում ՀԱՊԿ-ին, հատկապես վերջին շրջանում երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը արագորեն զարգանում է:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվից, ուր անակնկալ այցով մեկնել էր երեկ, կայցելի Երևան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Երեկ Բաքվում Շոյգուին ընդունել է Արդբեջանի նախագահը: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս կայացած այցի շրջանակներում քննարկվել են նաև երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների այսօրվա բարձր մակարդակը թույլ է տալիս լուծել բազմաթիվ, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Իսկ այսօր Բաքվում կայացել են Սերգեյ Շոյգուի ու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի բանակցությունները:

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ երեկ տարածած հաղորդագրության, Շոյգուն Ադրբեջանի մայրաքաղաքում քննարկելու է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր և ղարաբաղյան խնդիրը: Մինչև այս պահը, սակայն, Ղարաբաղին վերաբերող հրապարակային որևէ հայտարարություն չի եղել:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Շոյգուն և Հասանովն արդեն քննարկել են նաև կասպյան տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր: Ռուսաստանի պաշտպանության նախարարը արդբեջանցի իր պաշտոնակցել պատմել է նաև Սիրիայում գործող ռուսաստանյան ականազերծման կենտրոնի մասին՝ ադրբեջանցիներին հրավիրելով մասնակցել դրա աշխատանքներին:

Նշենք նաև, որ այսօր Ռուսաստանը զինավարժություններ է սկսել Կասպից ծովում:

Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին որոշ մանրամասներ այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը՝ մասնավորապես փոխանցելով, թե Մոսկվան «առաջխաղացում է ակնկալում կասպյան տարածաշրջանում անվտանգության համակարգ ստեղծելու հարցում»:

Այս տարածաշրջանը, հիշեցնենք, ընդգրկում է Ադրբեջանը, Թուրքմենստանը, Իրանը, Ղազախստանը և Ռուսաստանը:

Անտոնովը նաև հայտարարել է, որ ռազմական հարցերի շուրջ ռուս-ադրբեջանական երկխոսությունը կշարունակվի աշնանը Մոսկվայում կայանալիք ռուս-ադրբեջանական միջկառավարական հերթական նիստի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են սպառազինության մատակարարման նոր պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսին ասել էր, թե «Ադրբեջանի պես հարուստ երկիրը կարող է զենք գնել ցանկացած երկրից»:

XS
SM
MD
LG