Մատչելիության հղումներ

ՀՅԴ․ «Գործընթացները պետք է տեղափոխվեն բացառապես իրավական, օրինական դաշտ»


Հուլիսի 29–ի երեկոյան տեղի ունեցավ այն, ինչը բացառելուն ուղղված էին բազմաթիվ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների` երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խոսքն ու գործը, այսօր տարածած հայտարարությամբ փաստում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

«Ցավոք, ողջամտության ու հանդուրժողականության կոչերն ու հորդորները, խնդրի խաղաղ, բոլոր կողմերին և ամենակարևորը` հասարակության ամենալայն զանգվածին բավարարող լուծմանը բերող ջանքերը առայժմ ցանկալի արդյունքի չեն հասել, երկխոսության փխրուն գործընթացը խանգարվեց: Մեկ կողմից հանրահավաքի ու բողոքի մասնակիցներին այլ նպատակների համար օգտագործելուն ուղղված որոշ անձանց ու շրջանակների սադրանքները, մյուս կողմից՝ իրավապահների անհամարժեք ու որոշ դեպքերում նույնիսկ հակաօրինական գործողությունները հանգեցրին այսօրվա իրողությանը: Ոստիկանության կողմից առանձին դեպքերում անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն հանրահավաքի ու երթի մասնակիցների, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների, այլև գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող քաղաքացիների հանդեպ: Ցավոք տեղ են գտել նաև թաղային հեղինակությունների և կրիմինալ տարրերի կողմից սադրանք հրահրելու և ցուցարարների հետ հաշվեհարդարի երևույթներ: Մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը և անհրաժեշտ ենք համարում անհապաղ պատժել բոլոր մեղավորներին», - ասված է հայտարարությունում:

«Մեկ անգամ ևս հաստատում ենք. գործընթացները պետք է տեղափոխվեն բացառապես իրավական, օրինական դաշտ, պետք է բացառվեն բռնության ու նոր բախումների ցանկացած դրսևորում: Պետք է հրաժարվել այն սկզբունքից, որ նպատակը արդարացնում է ցանկացած միջոց», - հայտարարում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, - «Ակնհայտ է, որ երկրում առկա իրավիճակը չի գոհացնում հասարակության լայն շերտերին և անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակն արմատապես վերափոխելու ուղղությամբ: Խաղաղ հանգուցալուծումը հնարավոր դարձնելու համար, զինված խմբի անդամները, նրանց աջակիցները, հանրահավաքների կազմակերպիչները պետք է հրաժարվեն անիրատեսական պահանջներից, պայքարի ոչ֊օրինական մեթոդներից ու ծայրահեղական քայլերից. իսկ իշխանությունը պիտի բացառի զինված խմբի անդամների հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորությունը և ժողովրդի նկատմամբ՝ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ գործողությունները, ու կոնկրետ քայլերով ելքեր առաջարկի զինված խմբի հանձնվելը հնարավոր դարձնելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG