Մատչելիության հղումներ

Բարաք Օբամա․ Հիլարի Քլինթոնը նախագահի ամենալավ թեկնածուն է ԱՄՆ պատմության մեջ


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ, Ֆիլադելֆիա, Փենսիլավիա, 27-ը հուլիսի, 2016թ․
ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ, Ֆիլադելֆիա, Փենսիլավիա, 27-ը հուլիսի, 2016թ․

«Հիլարի Քլինթոնը նախագահի ամենալավ թեկնածուն է Միացյալ Նահանգների պատմության մեջ, նա գերազանցում է անգամ ինձ ու Բիլ Քլինթոնին», - չորեքշաբթի օրը հայտարարեց ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության համագումարում:

Ավելի վաղ կուսակցությունը պատմական որոշում էր կայացրել՝ առաջին անգամ առաջադրելով տիկնոջ թեկնածություն երկրի նախագահի պաշտոնում:

«Անկախ այն բանից՝ ով և որքան կուզի կոտրել նրան, նա երբեք և ոչ մի դեպքում չի հանձնվի. սա է Հիլարին, որին ես ճանաչում և որով հիանում եմ», - հայտարարեց Օբաման, ով 7 տարի առաջ Սպիտակ տուն գալով՝ հենց Քլինթոնին էր վստահել Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը: Այդ տարիները հիշեցնելով, Օբաման փաստեց, որ Քլինթոնը ունի անհրաժեշտ փորձառություն՝ ի տարբերություն մրցակից Դոնալդ Թրամփի, որը երբեք չի եղել քաղաքականության մեջ:

«Որևէ բան չի կարող կատարելապես պատրաստել ձեզ Սպիտակ տան պահանջներին, դուք կարող եք ինչ-որ տեղ կարդալ, սովորել, բայց մինչև չնստեք նախագահական սեղանի առջև, չեք իմանա՝ ինչ է նշանակում համաշխարհային ճգնաժամ հանգուցալուծել կամ երիտասարդներին պատերազմի ուղարկել: Հիլարին, մինչդեռ, մասնակցել է որոշումների կայացմանը և գիտի դրանց գինը», - հայտարարեց ԱՄՆ նախագահը:

Օբամայի աջակցությունը ավելի քան անհրաժեշտ է Հիլարի Քլինթոնին, ով վճռորոշ պայքարի մեջ է մտնում ոչ միայն մրցակցի՝ Դոնալդ Թրամփի կատաղի քննադատության, այլև ներկուսակցական ճգնաժամի ֆոնին: Անցած շաբաթավերջին Wikileaks-ը հրապարակեց դեմոկրատական վերնախավի նամակագրությունը՝ վկայելով, որ կուսակցական էլիտան չի պահպանել չեզոքության սկզբունքն ու ամեն ինչ արել է, որ ի վերջո առաջադրվի Քլինթոնի և ոչ թե Բերնի Սանդերսի թեկնածությունը: Սկանդալային արտահոսքից հետո Քլինթոնի շտաբը հայտարարեց՝ դրա ետևում կանգնած է Կրեմլը, որի համար առավել նախընտրելի է Պուտինի հանդեպ համակրանքը չթաքցնող Թրամփի թեկնածությունը:

Ինքը՝ հանրապետական միլիարդատերը, կտրականապես հերքում է այս պնդումները՝ քննադատության սլաքն ուղղելով Քլինթոնի ու գործող վարչակազմի դեմ: «Դա այնքան մտացածին, այնքան ծիծաղելի է: Որևէ մեկը չի կարող ասել, որ դա հենց Ռուսաստանի ձեռքի գործն է, գուցե Չինաստանն է արել, կամ այս դահլիում գտնվողներից մեկը: Դա ցույց է տալիս, թե որքան թույլ ենք մենք և որքան անհարգալից է վերաբերմունքը մեր նկատմամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու աշխարհի մյուս առաջնորդները այլևս չեն հարգում մեր երկիրը և մեր ղեկավարին», - ասաց Դոնալդ Թրամփը:

Աղմկահարույց հայտարարություններով հայտնի Թրամփն առավել հեռուն գնաց՝ կոչ անելով Ռուսաստանին վերականգնել ու աչքի անցկացնել Հիլարի Քլինթոնի այն նամակները, որոնք նախկին պետքարտուղարը ջնջել էր արխիվից՝ պնդելով, թե դրանք անձնական էին:

«Ռուսաստան, եթե լսում եք ինձ, հուսով եմ՝ կարող եք գտնել այն 30 հազար նամակները, որոնք այժմ չկան», - հայտարարեց Թրամփը՝ արժանանալով ոչ միայն դեմոկրատների, այլև որոշ կուսակից-հանրապետականների քննադատությանը:

«Առաջին անգամ Միացյալ Նահանգների պատմության մեջ նախագահի թեկնածուն դիմում է օտար պետության՝ մրցակցին լրտեսելու կոչով, սա աներևակայելի է», - հայտարարեց ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Լեոն Փանեթան՝ հավելելով․ - «Մի պահ պատկերացրեք՝ Թրամփը, ով ուզում է դառնալ Միացյալ Նահանգների նախագահ, հորդորում է մեր հակառակորդներին հաքերային հարձակում գործել կամ լրտեսել՝ Ամերիկյան ընտրությունների վրա ազդելու համար»:

Ակնկալվում է, որ Թրամփի քննադատություններին ժամեր անց կարձագանքի նաև Հիլարի Քլինթոնը, ով այսօր երեկոյան դեմոկրատների համագումարում առաջին ծրագրային ելույթը կունենա որպես նախագահի թեկնածու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG