Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը պատմություն է կերտում


Հիլարի Քլինթոն, 26-ը հուլիսի, 2016 թ․

Հիլարի Քլինթոն, 26-ը հուլիսի, 2016 թ․

Միացյալ Նահանգների 240-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում կին թեկնածու առաջադրվեց:

Հուլիսի 26-ն այսուհետ պատմական օր է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Երկրի 240-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում կին թեկնածու առաջադրվեց:

Դեմոկրատական կուսակցության քառօրյա համագումարի երկրորդ օրը երկրի նախկին պետքարտուղար, նախկին առաջին տիկին, 68-ամյա Հիլարի Քլինթոնը դարձավ առաջատար կուսակցության կողմից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրված առաջին կինը: «Ես առաջինն եմ, բայց խոստանում եմ՝ վերջինը չեմ լինի»-, Ֆիլադելֆիայում ընթացող համագումարում երեկ կեսգիշերին հայտարարեց Հիլլարի Քլինթոնը, ում թեկնածության առաջադրման մասին պաշտոնապես հայտարարեց Մերիլենդից սենատոր Բարբարա Միքուլսքին:

Ունենալով 25 տարվա քաղաքական կենսագրություն, Հիլլարի Քլինթոնը պայքարելու է Հանրապետական կուսակցությունից առաջադրված՝ միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփի դեմ, որին համարում է ոչ կոմպետենտ անձ Օվալաձև սենյակում աշխատելու համար: Ինչ վերաբերում է սեփական ծրագրերին, ապա, ընտրվելու դեպքում, Քլինթոնը խոստանում է առաջին հերթին լծվել զենքի նկատմամբ վերահսկողության խստացմանը, սանձել «Ուոլ Սթրիթ»-ը և շարունակել երկրում սոցիալական հավասարության հաստատմանն ուղղված քաղաքականությունը:

Այս խոստումների կատարմանը թերևս ամենաշատը հավատում է Քլինթոնի մերձավորագույն կողմնակիցը՝ նրա ամուսինը՝ Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը: Ելույթ ունալով իր տիկնոջ համակիրների առջև, նախկին նախագահը հայտարարել է ՝ «Իմ կինը սոցիալական արդարության համար պայքարող վաղեմի մարտիկ է, նա լավագույն նախագահի թեկնածուն է, որի կարիքն այսօր ունի Միացյալ Նահանգները»։

Խոսելով իր քառասուն տարվա ուղեկցի՝ «կյանքի լավագույն ընկերոջ» մասին, Բիլ Քլինթոնը հայտարարել է ՝ «Այդ կինը միշտ ձգտում է առաջ շարժվել: Եթե դուք լինեիք իմ փոխարեն և լսեիք այն ամենը, ինչ ես լսում եմ ընթրիքի, զբոսանքի ժամանակ, դուք էլ կասեիք, որ Հիլարին երբեք չի բավարարվում ստատուս քվոյով և ոչ մի հարցում: Նա միշտ ձգտում է առաջ շարժվել: Նա այնպիսինն է, ինչպիսին որ կա»,- երեկ կեսգիշերին Հիլարի Քլինթոնի համակիրներին պատմել է Սպիտակ տան նախկին ղեկավարը, ով իր կնոջ հաղթելու դեպքում կդառնա Միացյալ Նահանգների առաջին «առաջին տղամարդը»: «Իմ փորձից կարող եմ ասել, որ Հիլարիի խորհուրդներին հետևելը խելացի քայլ է»,- նաև պնդել է ԱՄՆ նախկին առաջնորդը:

Մինչ Բիլ Քլինթոնն իր երկարաշունչ ելույթով ամերիկացի ընտրողներին փորձում էր համոզել՝ օգնել իր ընտանիքին՝ Սպիտակ տուն վերադառնալու գործում, նախկինում երբեք ընտրովի պաշտոններ չզբաղեցրած, 70-ամյա գործարար Դոնալդ Թրամփն իր վարկանիշով առաջ է անցել Հիլարի Քլինթոնից: Հավանական ընտրողների շրջանում «Ռոյթերզ»-ի անցկացրած հարցումների արդյունքներով, հանրապետական թեկնածուն հակառակորդից առաջ է անցել երկու կետով: Մայիսից ի վեր, սա Թրամփի առաջին հաղթանակն է: Վերլուծաբաններն այս շրջադարձը պայմանավորում են դեմոկրատական կուսակցությունում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերով:

«Վիքիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթերի համաձայն, դեմոկրատական վերնախավը դավեր է նյութել Քլինթոնի կուսակցական հակառակորդի՝ Բեռնի Սանդերսի դեմ՝ նրան մրցապայքարից դուրս թողնելու նպատակով: Սակայն, չնայած այս բացահայտումներին, Սանդերսն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Քլինթոնին՝ կողմնակիցներին կոչ անելով հետևել իր օրինակին:

Քլինթոնին աջակցելու նպատակով Այսօր Ֆիլադելֆիա կժամանի նաև Սպիտակ տան ներկայիս տիրակալը՝ նախագահ Բարաք Օբաման՝ փոխնախագահ Ջո Բայդենի ուղեկցությամբ: Հայտնի է, որ նրանք ելույթ կունենան, մասնավորապես, Հիլլարի Քլինթոնի՝ արտաքին քաղաքական հարցերում ունեցած դերակատարության մասին:

XS
SM
MD
LG