Մատչելիության հղումներ

ՔԿ․ Հուլիսի 20-ին տեղի ունեցած «զանգվածային անկարգություններին» մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 12 անձի


Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Քննիչը որոշումներ է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել դատարան, որոնք բավարարվել են։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 20-ին մի խումբ ցուցարարների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Նախնական քննության տվյալներով՝ անկարգությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն ստանալու համար բուժհաստատություն է դիմել 62 անձ, որոնցից 37-ը՝ ոստիկան, 25-ը՝ քաղաքացիական անձ։ Այսպիսով՝ հուլիսի 27-ի դրությամբ, տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 12 անձի»,- նշված է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդել էր 6 մարդու նույն գործի շրջանակներում մեղադրանք առաջադրելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG