Մատչելիության հղումներ

logo-print

ՔԿ. Վեց անձի մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար


Հուլիսի 20-ի բախումները Երևանում

Հուլիսի 20-ի բախումները Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել վեց անձի՝ անկարգություններին մասնակցություն ունենալու համար՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Քննիչը որոշում է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է։ Եվս վեց կասկածյալ ձերբակալվել է», - ասված է հաղորդագրությունում

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ նախնական քննության տվյալներով՝ անկարգությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն ստանալու համար բուժհաստատություն է դիմել 62 անձ, որոնցից 37-ը՝ ոստիկան, 25-ը՝ քաղաքացիական անձ։ Նշանակվել են դատաբժշական փորձաքննություններ, քննություն է տարվում՝ պարզելու նրանցից յուրաքանչյուրի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, հստակեցվում է անկարգությունների ժամանակ պատճառված նյութական վնասի չափը։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած, իրենց գործողություններով սադրած անձանց ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG