Մատչելիության հղումներ

Զինված խմբի վիրավոր անդամների վիճակը կայուն է


Զինված խմբի վիրավոր անդամները ՊՊԾ գնդի տարածքից տեղափոխվում են հիվանդանոց, 26-ը հուլիսի, 2016թ.
Զինված խմբի վիրավոր անդամները ՊՊԾ գնդի տարածքից տեղափոխվում են հիվանդանոց, 26-ը հուլիսի, 2016թ.

Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավված զինված խմբավորման անդամներից երկուսը՝ 50-ամյա Աշոտ Պետրոսյանն ու 29-ամյա Հովհաննես Հարությունյանը ոտքերի շրջանում հրազենային վիրավորումներով կեսգիշերին տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը փոխանցեց, որ վիրավորները վիրահատվել ու տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկը նրանց վիճակը գնահատեց կայուն:

«Այս պահին վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն է, երկուսն էլ գիտակից են, կատարվում է սովորական սիմպտոմատիկ ինտենսիվ թերապիա՝ ցավազրկում, հեղուկներ։ Հետվիրահատական ընթացքը ընդհանուր դժվար է ասել՝ ինչքան կտևի, ամեն դեպքում, վերակենդանացման փուլը, ես վստահ եմ, որ շատ չի երկարի», - ասաց Մանգոյանը։

Մասնագիտությամբ նկարիչ 50-ամյա Աշոտ Պետրոսյանի երկու ոտքերն են հրազենային վիրավորումից տուժել, նա նաև աջ ազդրոսկրի կոտրվածք ունի, իսկ Հովհաննես Հարությունյանն աջ ազդրոսկրի ու աջ սրունքի հրազենային վիրավորում ունի։ Թե երբ դուրս կգրվեն վիրավորները, բժիշկը դժվարացավ ասել։ Կտեղափոխվեն հիվանդասենյակ, թե ոչ՝ Մանգոյանն ասաց, որ վաղը կպարզվի։

Աշոտ Պետրոսյանի դուստրը՝ հիվանդանոցում, 26-ը հուլիսի, 2016թ.
Աշոտ Պետրոսյանի դուստրը՝ հիվանդանոցում, 26-ը հուլիսի, 2016թ.

Հիվանդանոցի մուտքի մոտ հավաքված Աշոտ Պետրոսյանի զավակներն ու փաստաբանը՝ Հայարփի Սարգսյանը, պնդեցին, որ բաժանմունքի ղեկավարը թույլ է տվել նրանց տեսակցել Պետրոսյանին, բայց հիվանդանոցը հսկող դիմակավորված իրավապահներն արգելում են։

«Իրավապահները ոտնահարում են Պետրոսյանի իրավունքները։ Բժիշկներն ասացին, որ նրա վիճակը ծանր չէ, բավարար է, ինքն իրավունք ունի տեսնելու իր հարազատներին, ուրեմն ստացվում է, որ իրավապահ համակարգը ոտնահարում է նրա իրավունքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։

Ոստիկանությունը վաղ առավոտից «Էրեբունի» բժշկական կենտրոնում ուժեղացված հսկողություն է սահմանել, հիվանդանոցի բոլոր մուտքերի մոտ կանգնած են դիմակավորված և զինված իրավապահներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG