Մատչելիության հղումներ

ՀԽ. Գիշերը երկու միջադեպ է տեղի ունեցել ՊՊԾ գնդի տարածքում


ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ ասուլիսի ժամանակ, 25-ը հուլիսի, 2016թ.

ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ ասուլիսի ժամանակ, 25-ը հուլիսի, 2016թ.

Այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարեց, որ հուլիսի լույս 26-ի գիշերը երկու միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում։

Ըստ շարժման հայտարարության, գիշերը ժամը 2-ի սահմաններում ոստիկանությունը կրակ է բացել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների վրա։ Երկուսը՝ Աշոտ և Հովհաննես, ոտքի վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց։

Առավոտյան Ոստիկանությունը հայտարարությամբ հանդես եկավ, որում ասված է․

«Հուլիսի 25-ի երեկոյան, ժամը 20-ից մինչև կեսգիշերն ընկած ժամանակահատվածում, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել ևս երկու ավտոմեքենա։ Այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։ Ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։
Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել գնդի տարածք։ Իրավապահները անմիջապես բուժօգնություն են կանչել և առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են։ Ներկայումս երկու վիրավորներն էլ գտնվում են հիվանդանոցում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Վիրավորված անձինք են՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը»։

«Ազատության» հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաստատեցին, որ վիրավորները գտնվում են իրենց բուժհաստատությունում։

«Հիմնադիր խորհրդարան»-ն այսօր նաև հայտարարել է, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում մի քաղաքացի իր մեքենայով ճեղքել է ոստիկանական պատնեշը, մտել ՊՊԾ գնդի տարածք և սնունդ փոխանցել զինված խմբի անդամներին։ Ըստ հայտարարության, ոստիկանությունը կրակ է բացել ոստիկանական պատնեշը ճեղքած մեքենայի ուղղությամբ, վիրավորներ չկան։ Այս միջադեպի մասին Ոստիկանությունը առայժմ չի հաղորդում:

Այս պահին Խորենացի փողոցում հավաքված ցուցարարները ևս պահանջում են՝ հնարավորություն տալ իրենց բերած սնունդը փոխանցել զինված խմբի անդամներին։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Խորենացի փողոցում են նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ Փոստանջյանը ևս ցանկանում է սնունդ փոխանցել «Սասնա ծռեր»-ին։

«Ձեր հարցին կարճ պատասխանեմ ու եզրափակվենք՝ ոչ մի բան չի մտնելու ստեղից, չգիտեմ՝ որտեղից ինչ է մտնում, բայց այստեղ ոստիկանությունը ծառայություն է կատարում, ոչ մի բան չի մտնելու ներս», - Փոստանջյանի պահանջին ի պատասխան ասաց ոստիկաններից մեկը։

Ցուցարարներն իրենց հերթին այսպես արձագանքեցին. - «Փոխանցեք ձեր վերադասին, որ հետո մեզանից չնեղանան, ոչ մի տեղ չենք գնալու և նույնիսկ ոստիկանական մեքենա ստեղից ներս չենք թողնելու»։

Ոստիկաններ-ցուցարարներ բանակցությունները դեռ շարունակվում են

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG