Մատչելիության հղումներ

Աշխարհը դատապարտում է Նիսի ահաբեկչությունը և զորակցում Ֆրանսիային


Ֆրանսիա - Ահաբեկչության հետևանքով զոհվածների դիակները Նիսում
Ֆրանսիա - Ահաբեկչության հետևանքով զոհվածների դիակները Նիսում

Առնվազն 84 զոհ, այդ թվում՝ երեխաներ, տասնյակ վիրավորներ՝ ծայրահեղ ծանր վիճակում. Ֆրանսիան երրորդ ահաբեկչական հարձակումն է ապրում վերջին մեկուկես տարվա մեջ: Պաշտոնական Երևանը հաստատում է՝ զոհերից առնվազն մեկը Հայաստանի քաղաքացի է:

Ականատեսների վկայություններն ու սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը սարսափազդու են. սպիտակ բեռնատարը բարձր արագությամբ ու առանց կանգառի մխրճվում է ծովափնյա Նիսի կենտրոնում՝ Պրոմենադ դեզ Անգլե բուլվարում հավաքված հոծ բազմության մեջ՝ վրաերթի ենթարկելով մարդկանց, որ եկել էին Ֆրանսիայի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը նշելու:

«Այդ մեքենան ուղղակի սկսեց սլանալ մարդկանց ուղղությամբ՝ տրորել-անցնելով բոլորին.․. բոլորին... անվտանգության ուժերը շատ ուշ եկան, մոտ 25 րոպե պահանջվեց, մինչև կարողացան կանգնեցնել նրան», - պատմում է ահաբեկչության ականատեսներից մեկը: «Ճանապարհը մսաղացի էր նման, ամենուր դիակներ էին, վիրավոր մարդիկ», - ասում է մյուսը:

Տեսանյութերից երևում է, որ մեքենայով մոտ երկու կիլոմետր ճանապարհ անցնելով՝ վարորդը փորձել է որքան հնարավոր է շատ մարդկանց վնասել: Ըստ իրավապահների, բեռնատարից հնչել են նաև կրակոցներ, մինչև վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է վարորդի ինքնությունը՝ Թունիսում ծնված, Նիսում ապրող 31-ամյա Մոհամեդ Լաուէժ Բուլելը, ով ավելի վաղ հայտնվել է իրավապահներրի ուշադրության կենտրոնում, բայց ոչ ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու կասկածանքով: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, ոստիկանությունը թույլ չի տվել նրան բեռնատարով մտնել Պրոմենադ դեզ Անգլե բուլվար, սակայն վերջինս պնդել է, թե պաղպաղակ է տանում տոնական հրավառությունը դիտելու եկած մարդկանց: Իրավապահները լուրջ կասկածներ ունեն, որ նա միայնակ չի գործել, թեև մինչև այս պահը կատարվածի համար որևէ ուժ պատասխանատվություն չի ստանձնել:

«Ես որոշել եմ ևս երեք ամսով երկարաձգել արտակարգ դրությունը, որն ավարտվելու էր հուլիսի 26-ին: Ամբողջ Ֆրանսիան է իսլամիստական ահաբեկչության վտանգի տակ», - հարձակումից ժամեր անց հայտարարեց Ֆրանսիայի նախագահը՝ հատուկ ընդգծելով․ - «Որևէ բան չի կարող կանգնեցնել մեզ ահաբեկչության դեմ պայքարում: Մենք է՛լ ավելի կուժեղացնենք մեր գործողությունները Սիրիայում և Իրաքում՝ դիպուկ հարվածներ հասցնելով նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա՝ մեր հողում»:

Հետագա քայլերը քննարկելու համար ժամեր առաջ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացրեց, հաղորդվում է, որ որոշվել է ոստիկանության լրացուցիչ ուժեր մոբիլիզացնելուց բացի նաև պահեստազորի ուժերը օգտագործել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարված:

«Ողբերգական զուգադիպությամբ՝ հարձակումն իրականացվեց մարդկանց ուղղությամբ, որոնք տոնում էին ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը», - հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Դաժան սպանդը դատապարտող հայտարարություններ են տարածել Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի առաջնորդները, ընդգծելով՝ այս ծանր պահին կանգնած են սգացող Ֆրանսիայի կողքին:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի կողմից առաջարկել է անհրաժեշտ ողջ օժանդակությունը՝ մեղավորներին գտնելու ու պատժելու հարցում:

Գերմանիան պատրաստ է ուս-ուսի պայքարել Ֆրանսիայի հետ, հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ հավելելով․ - «Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք այս պայքարում՝ չնայած առկա դժվարություններին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել միավորել քաղաքակիրթ աշխարհի ողջ ուժերը՝ զինյալների, նրանց առաջնորդների ու հովանավորների դեմ պայքարելու համար, որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ֆրանսիայի առաջնորդին ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ վստահեցնելով՝ վշտի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Ֆրանսիայի կողքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG