Մատչելիության հղումներ

Ուորլիք. Նախագահների հանդիպման օրը դեռ հստակեցված չէ


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը մոտ ժամանակներս կազմակերպելու իրենց հանձնառությունը, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նա նշել է, որ նախագահների հանդիպման օրը դեռ հստակեցված չէ։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն Փարիզում իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր բանակցությունների համար:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, արձագանքելով այս հայտարարությանը, ասել էր. - «Ֆրանսիական կողմն առաջարկել է նման հանդիպում կազմակերպել, իսկ մենք դեմ չենք»։

Իսկ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը բարձր է գնահատում ‪ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: «Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը», - ասել էր Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG