Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը


Շավարշ Քոչարյան, արխիվ

Շավարշ Քոչարյան, արխիվ

Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող հայտարարությունները, թե «Լեռնային ‪‎Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

«Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիա կիրառելու համար պատասխանատվության շրջանակներում», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Քոչարյանը:

Երեկ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Փարիզում կհանդիպեն։ «Ֆրանսիական կողմն առաջարկել է նման հանդիպում կազմակերպել, և մենք դեմ չենք», - Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Մամեդյարովը։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հայաստանի ԱԳ փոխնախարարն ասել է. - «Մենք բարձր ենք գնահատում ‪ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը»:

XS
SM
MD
LG