Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են, որ այսօր ժամը 17-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար։
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը խոստանում է այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան տեղեկություն տրամադրել նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), իր հերթին, հայտնում է, որ հունիսի 30-ից հուլիսի 1-ը ռուսական օդանավի 6 չվերթով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված ՀՀ 289 քաղաքացի, այդ թվում` 73 կին, 31 երեխա։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից նույն ինքնաթիռով Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ 13 քաղաքացի:
Հայաստանի ԱԻՆ խնդրանքով` նախատեսված 4-ից բացի Ռուսաստանի ԱԻՆ Ան-148 օդանավն իրականացրել է ևս 2 լրացուցիչ չվերթ։
Լարսի անցակետի մոտ ծավալված ժամանակավոր ճամբարներում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխվել են Հայաստան: Ներկայումս անցակետում մնացել են միայն այնտեղ արգելափակված բեռնատար և մարդատար մեքենաների վարորդները: Ռուսաստանում Հայաստանի ԱԻՆ ներկայացուցչի տվյալներով` Վրաստան-Ռուսաստան սահմանային հատվածում կա դեռևս ՀՀ 51 քաղաքացի, բոլորը` տղամարդ, որոնք Լարսի անցակետ են ժամանել օդանավի վերջին չվերթն իրականացնելուց հետո և վրանային ավանում գրանցված չեն:
Հիշեցնենք, Վերին Լարսի անցակետը արդեն տասն օրից ավելի փակ է՝ քարաթափման հետևանքով, Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ: