Մատչելիության հղումներ

logo-print

Հստակ տեղեկություն չկա, թե երբ կարող է վերաբացվել Ստեփանծմինդա - Լարս ճանապարհը


Վերին Լարս ռուս-վրացական սահմանային անցակետը: 28-ը հունիսի, 2016 թ․

Վերին Լարս ռուս-վրացական սահմանային անցակետը: 28-ը հունիսի, 2016 թ․

Վեցերորդ օրն է, ինչ փակ է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային՝ Ստեփանծմինդա - Լարս ճանապարհը, բայց Հայաստանի կառավարությանը առ այսօր հայտնի չէ, թե դեռ որքան այն փակ կմնա:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց, թե իրավիճակը դեռ գնահատվում է․ - «Ես կխնդրեի դրա վերաբերյալ [տեղեկատվությունը] արդեն իսկ համապատասխան նախարարություններից ստանալ, որոնք այդ գնահատականները ստանում են իրենց ռուս գործընկերներից: Եվ կարծում եմ, որ մենք կանենք ամենը, որպեսզի արագացնենք, որովհետև մեզ համար արտահանումը խիստ կարևոր է»:

Դիտարկմանը, թե նշվում է, որ ճանապարհի վերականգնման աշխատանքը կարող է տևել մոտ 40 օր, Գաբրիելյանն արձագանքեց, թե կառավարությունում հույս ունեն, որ ճանապարհը կբացվի ավելի շուտ, և խնդիրը գտնվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ամենօրյա հսկողության ներքո:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք տարօրինակ չէ, որ գրեթե ամեն տարի փլուզումներ են տեղի ունենում Հայաստանի համար կենսական այդ ճանապարհի վրա, փոխվարչապետն արձագանքեց․ - «Այդ փլուզումները կախված են երկրաբանությունից և տեղանքից: Դրա վրա, չեմ կարծում, որ որևէ մեկը ազդեցություն ունի, և չեմ կարծում, որ դա որևէ կերպ կառավարվող պրոցես է․․․ Եթե Դուք խոսում եք ճանապարհի հիմնարար վերանորոգման մասին, ապա ճանապարհի հիմնարար վերանորոգումը արժի հարյուրավոր միլիոն դոլարներ: Եվ այդ պատճառով Ռուսաստանի Դաշնությունը նման ծախսեր անելու տեսակետից իր առաջնահերթություններն է որոշում»:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ստեղծված իրավիճակը ազդեցություն չի գործել մթերումների վրա․ - «Գյուղացիներից գնումների գործընթացը շարունակվում է: Ամենօրյա մենք տեղեկատվություն ստանում ենք մարզերից, և օրական էլի 150-200 տոննայի չափով արտահանում կա ծիրանի գծով»:

Բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի խոսքով, Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակը բեռնափոխադրումներ իրականացնողները օգտվելու են լաստանավի ծառայությունից, սակայն լաստանավերը չեն կարող մեկ փոխադրումով լուծել կուտակված բեռնատարների հարցը, ուստի ժամանակ է հարկավոր:

Նրա խոսքով, այս պահին հայաստանյան ապրանքներով մոտ 100 բեռնատար է կուտակվել Վրաստանում․ - «Կա մեկ խոշոր լաստանավ, բուլղարական, որն ավանդաբար աշխատել է: Մեր խոշորագույն փոխադրող և մշակող ընկերությունը՝ «Սպայկան» հրատապ թայմ-չարտեր է արել երկու լաստանավերի, ավելի փոքր քանակի են դրանք՝ 50-60 մեքենա են վերցնում, որպեսզի այս կուտակումները կարողանան մաքրել: Եվ հիմնականում արտահանման դեպքում առաջնային առավելությունը տրվում է փչացող բեռներին»:

Ղազարյանն ասաց, որ Լարսի ճանապարհին ստեղծված այս իրավիճակը սպասելի էր, որովհետև անցած տարի այդ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժը, ըստ վրաց երկարաբանների, զգալիորեն թուլացրել էր ճանապարհը․ - «Ինչ արագությամբ կմաքրեն, կաշխատեն՝ ես այսօր ինֆորմացիա չունեմ և դժվարանում եմ մարգարեական կանխատեսում անել: Բայց մենք պետք է պատրաստ լինենք վատթարագույնին՝ մեկ ամիս»:

Նրա համոզմամբ, ամեն դեպքում լաստանավերը չեն կարող փոխարինել ցամաքային ճանապարհը, որովհետև չեն կարող մինչև նոյեմբեր տևող արտահանման ակտիվ ժամանակաշրջանում նույն ծավալի բեռ տեղափոխել Ռուսաստան: Բացի այդ, լաստանավը մոտ 30 տոկոսով թանկացնում է բեռնափոխադրումը:

Հարցին, թե այդ կապակցությամբ ի՞նչ են մտածում գործարար հանրության շրջանում, Արսեն Ղազարյանը արձագանքեց, թե ջանքեր են գործադրվում արտահանումը դիվերսիֆիկացնելու համար: Օրինակ, վերջերս Չինաստանում բացվել է հայաստանյան ապրանքների մշտական գործող վաճառքի սրահ․ - «Մենք պետք է կարողանանք կախված չլինել մի շուկայի գնողունակությունից, այդ շուկայի ազգային դրամի՝ ասենք, ռուբլու արժեվորում-արժեզրկումից և ճանապարհներից»:

XS
SM
MD
LG