Մատչելիության հղումներ

Անկարան հերթական անգամ հայտարարում է Պուտին - Էրդողան առաջիկա հանդիպման մասին


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Անկարայում, 1-ը դեկտեմբերի, 2014թ․
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Անկարայում, 1-ը դեկտեմբերի, 2014թ․

Պաշտոնական Անկարան հերթական անգամ երեկ հայտարարել է Պուտին - Էրդողան առաջիկայում կայանալիք հանդիպման մասին:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքներից մեկին ասել է, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարող են հանդիպել կա՛մ հուլիսի վերջին, կա՛մ օգոստոսի սկզբին, ինչպես նաև Անկարա այցելելու հրավեր է ստացել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ավելի վաղ թուրքական և ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Անկարան պատրաստ է գնալ զիջումների սիրիական հարցում, որում թուրքական կողմի դիրքորոշումը նախկինում բավականին կոշտ էր:

Ինչպես արդեն հաղորդվել է, պաշտոնական Մոսկվան և Անկարան անցած շաբաթ հայտարարել են, որ երկու երկրների նախագահների հանդիպում է նախապատրաստվում Սոչիում, և որ այն պետք է տեղի ունենա մինչև սեպտեմբերին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովը:

Երկու երկրների միջև շուրջ 7 ամիս տևած ճգնաժամից հետո հաշտեցման գործընթացը սկսվել է անցած շաբաթ՝ Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Էրդողանի հղած ուղերձի հրապարակումից հետո, որում Թուրքիայի նախագահը ափսոսանք էր հայտնել նոյեմբերին տեղի ունեցած միջադեպի համար, երբ թուրք - սիրիական սահմանին թուրքական օդուժը խոցել էր ռուսական Սու-24 ռազմական օդանավը, զոհվել էր ռուս օդաչուն: Կրեմլը հայտնել է նաև, որ նամակում Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից:

Երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնվում են, և հուլիսի 1-ին հանդիպեցին Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, իսկ Ռուսաստանի կառավարությունը սկսել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները հանելու գործընթացը: Արդեն սկսվել են տուրիստական չվերթները Թուրքիա, իսկ ռուսաստանյան ընկերությունները անցած շաբաթվա վերջին արդեն արձանագրել էին, որ թուրքական ուղեգրերը հսկայական պահանջարկ ունեն Ռուսաստանում, և որ Թուրքիան նորից դարձել է ռուսաստանցիների սիրած հանգստյան վայրը:

Պաշտոնական Մոսկվան, մինչդեռ, Անկարայից ակնկալում է հստակ քայլեր Սիրիայի հարցում, և Լավրով - Չավուշօղլու հանդիպմանը առանցքայինը եղել է հենց այդ հարցը:

Թեև պաշտոնապես հաշտեցման գործընթացը սկսվել է անցած երկուշաբթի, The Financial Times-ը գրում է, օրինակ, որ մինչ այդ էլ Թուրքիան որոշ գաղտնի քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, մասնավորապես՝ հանդիպումներ են կազմակերպվել Սիրիայի ընդդիմության և Մոսկվայի միջև, ինչպես նաև գաղտնի շփումներ են տեղի ունեցել Թուրքիայի իշխանությունների և Սիրիայի գործող իշխանությունների միջև քրդական հարցով:

Պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ Մոսկվայի հետ հաշտեցման գործընթացում միջնորդի դերում էին Ղազախստանի և Ադրբեջանի նախագահները, և Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նուրսուլթան Նազարբաևին և Իլհամ Ալիևին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG