Մատչելիության հղումներ

Թուրքիայում անհամբեր սպասում են ռուս զբոսաշրջիկներին


Անթալիայի լողափերից մեկը, արխիվ

Անթալիայի լողափերից մեկը, արխիվ

Մայիսի դրությամբ Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 96 տոկոսով:

Թուրքիայի Ճանապարհորդական գործակալությունների միության նախագահի գնահատմամբ, ռուս-թուրքական և թուրք-իսրայելական հաշտեցման գործընթացներն առաջին հերթին նպաստելու են թուրքական տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Այդ ոլորտն, ինչպես հայտնի է, այս տարի բավական մեծ վնասներ է կրում:

Դեռ անցած տարվա նոյեմբերին պաշտոնական Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վատացումից հետո փորձագետները Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թվի կտրուկ անկում էին կանխատեսել: Սրան գումարվեց նաև վերջին կես տարում Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների բացասական ազդեցությունը, ինչի հետևանքով ամառվա առաջին ամսվա վիճակագրությունը բավական աննպաստ տեսք ստացավ: Ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի հանգստավայրի` Անթալիայի լողափերը հունիս ամսին կիսադատարկ էին:

«Դեռ պարզ չէ, բայց վիճակը վատ է: Շատերը վաճառքի են հանել իրենց հյուրանոցները, կրճատել են աշխատողներին: Նախկինում կենտրոնացած էին ռուս զբոսաշրջիկների ուղղությամբ, իսկ հիմա՝ թուրքերի: Սեզոնը դեռ նոր է սկսվում, բայց այս պահին վիճակը լավ չէ, անցած տարվա համեմատությամբ գործերը վատ են, լավ կլինի, որ ռուսները նորից գան»,- ասում է լողափի աշխատողներից մեկը:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին հինգ ամիսներին Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 42 տոկոսով: Ռուս այցելուների թիվը նվազել է 82,7 տոկոսով: Մայիսի վերջին ռուս զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 96 տոկոսով, իսկ գերմանացիներինը՝ 30 տոկոսով: Անթալիայի օդանավակայանի տվյալներով, հունիս ամսվա առաջին կեսին քաղաք այցելած զբոսաշրջիկների թիվն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 58,7 տոկոսով:

Անթալիայում բնակարանների վարձակալությամբ զբաղվող գործակալության հայազգի աշխատակիցը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ թեև անցած տարվա համեմատ ռուս հաճախորդների թիվը նվազել է, այդուհանդերձ պահանջարկ դեռ կա: «Անցած տարվա համեմատությամբ, բացասական փոփոխություն կա՝ ավելի քիչ մարդ է գալիս: Ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը, իհարկե, ազդեցություն ունեցավ զբոսաշրջության վրա: Մարդիկ միգուցե ուզում են գալ, բայց չեն կարողանում, քանի որ Ռուսաստանում արգելել են տուրփաթեթների վաճառքը, ուղիղ չվերթները: Հիմա ուղիղ չվերթներ միայն Մոսկվայից և Պետերբուրգից են իրականացվում»,- ասաց գործակալության ներկայացուցիչը:

Նրա խոսքով, ռուս զբոսաշրջիկների պակասը լրացնում են թուրքերը, իրանցիները, նաև ղազախները, որոնց վրա Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատացումն առանձնապես ազդեցություն չի ունեցել: Ղազախ զբոսաշրջիկներից մեկն ասում է՝ «Քաղաքական իրադարձություններն ինձ վրա բացարձակ չեն ազդել, ես հանգիստ եմ դրան վերաբերվում: Կարծում եմ, քաղաքականությունն ամեն տեղ էլ քաղաքականություն է»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ռուսաստանի նախագահին ուղղված հայտնի նամակից հետո երկու երկրների առաջնորդների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում հանվել են զբոսաշրջության հետ կապված սահմանափակումները: Այժմ ռուսաստանցիներն արդեն որևէ խնդիր չունեն Թուրքիայում իրենց հանգիստը կազմակերպելու հարցում:

Օրերս Ստամբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը հերթական հարվածը հասցրեց այդ երկրի զբոսաշրջության ոլորտին: Ըստ «Սաբահ» պարբերականի` Թուրքիայի Ճանապարհորդական գործակալությունների միության նախագահն ակնկալում է, որ ոլորտն ամբողջությամբ կվերականգնվի միայն 2017 թվականին:

XS
SM
MD
LG