Մատչելիության հղումներ

logo-print

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին ռուս-թուրքական կարգավորմանը նպաստելու համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, արխիվ

Էրդողանը Նազարբաևին Թուրքիա է հրավիրել։

Երեկ երեկոյան Թուրքիայի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

Ղազախստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու հարցում նրա ներդրման համար։ Էրդողանը հույս է հայտնել, որ Անկարայի ու Մոսկվայի միջև մերձեցմանն ուղղված բոլոր նախատեսված քայլերը կիրագործվեն։

Ղազախստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Էրդողանը նաև անկեղծ շնորհակալություն է հայտնել Նազարբաևին՝ անգնահատելի և հսկա աշխատանքի համար։

Ըստ ղազախական կողմի, Էրդողանը Նազարբաևին մանրամասներ է հայտնել Պուտինի հետ երեկ կեսօրին ունեցած հեռախոսազրույցից, ապա վերջում Նազարբաևին Թուրքիա հրավիրել։

Երկու օր առաջ, հիշեցնենք, Էրդողանը Պուտինին ուղղված նամակում ափսոսանք էր հայտնել նոյեմբերին տեղի ունեցած միջադեպի համար և ներողություն խնդրել։

Թուրքական օդուժը թուրք-սիրիական սահմանին խոցել էր ռուսական ռազմական ինքնաթիռը, ռուս օդաչուն զոհվել էր։ Դեպքից հետո ռուս-թուրքական հարաբերությունները վատացել էին։ Հարաբերություններում ճգնաժամը յոթ ամիս տևեց։

Երեկ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո Ռուսաստանի նախագահը կառավարության անդամներին հանձնարարել է աշխատանքներ սկսել ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հանվեց նաև ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիա մեկնելու արգելքը։

XS
SM
MD
LG