Մատչելիության հղումներ

Դատարանն անմեղ ճանաչեց Արտակ Գևորգյանին


Դատարանն այսօր արդարացրեց անցած տարի թղթե տանկով Ազգային անվտանգության ծառայության շենքի երկաթյա դարպասներին հարվածելու մեջ մեղադրվող ակտիվիստ Արտակ Գևորգյանին:

Թեպետ շուրջ մեկ տարի «Հակահարված Արտ» խմբի անդամ ակտիվիստը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, թե դիտավորությամբ ու կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, կատարել խուլիգանություն և վնասել կամ ոչնչացրել ուրիշի գույքը, դատարանը միայն այսօր հաստատեց նրա պնումները:

Ըստ մեղադրանքի, ակտիվիստը թղթե տանկը ԱԱԾ-ի երկաթյա դարպասներին հարվածելով՝ ծառայություն իրականացնող աշխատակիցների մոտ նաև գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում էր առաջացրել:

Դատական նիստի մեկնարկին դատախազը հայտարարեց, որ ստուգել են դատաքննությամբ հետազոտված ապացույցներն ու գտել, որ դրանցով չի հիմնավորվել Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, այդ պատճառով էլ հրաժարվեց առաջադրած մեղադրանքից՝ «ամբաստանյալի արարքում հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ:

Դատարանի որոշումն անսպասելի էր կնոջ հետ դատարան եկած նկարիչ-ակտիվիստի համար: Նա ասաց, թե կարծում էր, որ դատարանն իրեն մեղավոր կճանաչի, որպեսզի այսուհետ որևէ մեկը չհամարձակվի անգամ ԱԱԾ-ի դարպասներին մոտենալ:

Արտակ Գևորգյանն այսօր էլ պնդում էր, որ ԱԱԾ աշխատակիցները ծառայություն իրականացնելիս քնած են եղել․ երբ ինքը այդ օրը կեսգիշերին ստվարաթղթե տանկով հարվածել էր երկաթյա դարպասներին, շենքից ոչ ոք դուրս չի եկել ո՛չ այդ պահին, ո՛չ էլ մեկ ժամ անց:

Արտակ Գևորգյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն ի սկզբանե այս գործով դատական հեռանկար չէր տեսնում: Նախորդ նիստին, ի դեպ, դատարանն ԱԱԾ-ից պաշտոնական գրություն էր ստացել, ըստ որի, ԱԱԾ-ն, չողջունելով հանդերձ քաղաքացու նման վարքագիծը, տեղեկացրել էր, որ կատարվածը չի խաթարել իրենց բնականոն աշխատանքը, և աշխատակիցներին լուրջ անհանգստություն չի պատճառվել:

«ԱԱԾ-ի պաշտոնական գրությունը որևէ այլ կերպ հնարավոր չէ բացատրել, քան ղեկավարության փոփոխությամբ: Ցանկացած փուլի ժամանակ մենք մտածում էինք, որ քրեական գործը կկարճվի, որովհետև ուղղակի ծիծաղելի էին այդ մեղադրանքի հիմքում դրված փաստերը ու որակումները: Ինչը փաստորեն արեց ոչ թե դատախազությունը կամ դատարանը, այլ արեց ԱԱԾ-ն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

XS
SM
MD
LG