Մատչելիության հղումներ

«Հակահարված Արտ» խմբի անդամի նկատմամբ դատավարությունը հետաձգվեց


Արտակ Գևորգյանը դատական նիստից հետո: 20-ը հունիսի, 2016 թ․
Արտակ Գևորգյանը դատական նիստից հետո: 20-ը հունիսի, 2016 թ․

Ստվարաթղթե կանաչ տանկով անցած տարի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի երկաթյա դարպասներին հարվածած ակտիվիստ Արտակ Գևորգյանի գործով երկրորդ դատն այսօր հետաձվեց 4 օրով. դատավորը կողմերին ժամանակ տվեց ճառին պատրաստվելու համար:

«Հակահարված Արտ» խմբի անդամ Արտակը մեղադրվում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու մեջ: Դատական նիստը սկսելուց 15 րոպե անց դատավորն արգելեց տեսանկարահանել:

Դահլիճը մերթընդմերթ ծիծաղի պոռթկումներով էր արձագանքում դատավորի ու մեղադրյալի հարցուպատասխանին, հատկապես, երբ դատավորը հարցրեց՝ «Դուք տանկը հրու՞մ էիք», իսկ Արտակը պատասխանեց՝ «ոչ, ես այն վարում էի»: Դատավորի ճշտող հարցին, թե «ինչպե՞ս էիք վարում՝ մարմնով հրելո՞վ», արձագանքեց՝ «ոչ, քայլելով վարում էի»:

Վկա Արման Ղարիբյանն ասաց, որ ԱԱԾ-ի շենք հասնելու ճանապարհին անցորդներն ու վարորդները դրական էին արձագանքում ընկերոջ ակցիային, ժպտում էին, լուսանկարվում․ պատմեց, որ պետավտոտեսչության աշխատակիցներն անգամ կատակով խորհուրդ են տվել միացնել թղթե տանկի հետևի լույսերը:

Արտակ Գևորգյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը դատարանում հայտարարեց՝ ԱԱԾ-ի աշխատակիցների զեկուցագրերը որպես ապացույց ճանաչելն անթույլատրելի է: Նրանք, փաստաբանի խոսքով, պետք է հարցաքննվեին։ Դատավորը, սակայն, հայտարարեց, որ ԱԱԾ-ից դատարանը գրություն է ստացել, որում նշված է, որ ԱԱԾ-ն չի ողջունել նման վարքագիծը, սակայն տեղեկացրել է, որ կատարվածը չի խաթարել իրենց բնականոն աշխատանքը, աշխատակիցներին լուրջ անհանգստություն չի պատճառվել, հետևաբար՝ ԱԱԾ-ում դատական նիստերին մասնակցելը նպատակահարմար չեն համարում։

Քանի որ ԱԱԾ-ի աշխատակցիները դատարանում ներկա չէին, փաստաբանի խոսքով՝ իրենք այդպես էլ չկարողացան հասկանալ, թե արդյոք ծառայություն իրականացնող աշխատակիցների մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացրել էր թղթե կանաչ տանկով երիտասարդը։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սաֆարյանն ասաց նաև, թե ԱԱԾ-ի գրությունից կարելի է ենթադրել, որ հանցակազմ չկա, հետևաբար՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի․ - «Հանցակազմ չկա ընդհանրապես»:

Հայաստանի տնտեսական և սոցիալական խնդիրները փողոցային արվեստի՝ սթրիթ արտի միջոցով ներկայացնող «Հակահարված» խմբի անդամը դատարանում ասաց, որ մինչև ԱԱԾ-ի շենքին հասնելն ինքը կանաչ թղթե տանկով դուրս էր եկել զբոսանքի՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով «կեղծված սահմանադրական հանրաքվեի դեմ»:

Նիստից հետո Արտակ Գևորգյանը ասաց, թե այս գործը դատարան հասցնելու իմաստը չի հասկանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG