Մատչելիության հղումներ

Մոնտեվիդեոյում բացվել է Փարամազի հրապարակը


Չորեքշաբթի օրը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը վերանվանվեց հայ ազգային ազատագրական պայքարի հերոս, հնչակյան հեղափոխական Փարամազի` Մատթեոս Սարգսյանի անունով:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնակատար Օսկար Կուրուշետը, Ուրուգվայի տուրիզմի նախարար Լիլիան Քեշիշյանը, սոցիալական զարգացման փոխնախարար Անա Օլիվերան, խորհրդարանի պատգամավոր Պեդրո Եստանյանը, Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Քելենջյանը, Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ:

Միջոցառումը սկսվեց Ուրուգվայի և Հայաստանի օրհներգերի կատարմամբ, ապա ընթերցվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Մոնտեվիդեոյի իշխանություններին և հայ համայնքին, որում, մասնավորապես, ասված էր․ - «Ուղիղ 101 տարի առաջ այս օրը Ստամբուլի Բայազիտ հրապարակում Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ականավոր գործիչ Փարամազը և իր 19 ընկերները կախաղան հանվեցին թուրքական դատարանի կողմից, որովհետև պայքարում էին հայ ժողովրդի ապրելու իրավունքի համար: <...> Ուրուգվայի Հանրապետությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության բարեկամ երկիր: Մենք երախտապարտ ենք Ուրուգվային Հայոց ցեղասպանության հարցում աներեր կեցվածքի, աշխարհում առաջինն այն ճանաչելու և աշխարհի ուշադրությունն այդ կարևոր խնդրի վրա բևեռելու համար»:

Հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը կատարեցին Օսկար Կուրուշետն ու Ռուբեն Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG