Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
Ինչպես փոխանցում է «ԱզերԹաջ» գործակալությունը, Թուրքիայի վարչապետը Ադրբեջանում մի շարք պաշտոնական հանդիպումներ է անցկացնելու՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Սա թուրքական կառավարության նորանշանակ ղեկավարի երկրորդ արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց ի վեր: Ավանդույթի համաձայն՝ թուրք ղեկավարները իրենց առաջին պաշտոնական այցերը կատարում են Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Յըլդըրըմը Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկելու է, մասնավորապես, երկու երկրների համատեղ ծրագրերին՝ էներգետիկ և տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր: Կողմերը վերանայելու են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքներն արագացնելու հարցերը. Անկարան հույս ունի այն ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա վերջ:
Բանակցությունների ընթացքում կողմերը մտադիր են քննարկել նաև ղարաբաղյան հակամարտության սրացման հետ կապված իրավիճակը:
Հաշվի առնելով, որ այցը տեղի է ունենում Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին՝ պայմանավորված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմամբ, վերլուծաբանները ենթադրում են, որ թուրք վարչապետը Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններում կանդրադառնա նաև այդ թեմային: