Ռուսաստանյան լրատվամիջոցների համար երեկ թիվ մեկ նորությունը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր:
Բայց նախ՝ պաշտոնական Մոսկվայի արձագանքի մասին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է ընդամենը, որ Բունդեսթագի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի ներքին խնդիրն է:
Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե բանաձևի ընդունումը Գերմանիայի ներքին գործն է, և հիշեցրել, որ «Ռուսաստանի Պետական դումայի համապատասխան հայտարարությունները տվյալ հարցով ընդունվել են շատ վաղուց և դրանք վերահաստատվել են»:
«Ռուսական կողմի դիրքորոշումը տվյալ հարցով շատ հստակ է: Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Ռուսաստանի դիրքորոշմանը մոտեցավ և Գերմանիան», - ասել է Զախարովան:
Իսկ ահա ռուսական լրատվամիջոցները թեմային մանրամասն են անդրադարձել: Ռուսաստանցի լիբերալ մեկնաբանները նույնիսկ հատուկ հրճվանքով նկատում են, որ Ռուսաստանի այսօրվա թշնամի համարվող Էրդողանը «ապտակ է ստացել Բեռլինից»:
Մանրամասն ռեպորտաժներ այս մասին պատրաստել էին ռուսաստանյան բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում՝ Առաջին ալիքը, «Վեստի»-ն, ՆՏՎ-ն, «ԼայֆՆյուզ»-ը, «Դոժդ»-ը, շեշտադրումներն էլ հետևյալ տրամաբանությամբ էին՝ Գերմանիան Թուրքիային ցույց է տվել իր տեղը, հիշեցրել է անցյալը, և դժվար թե Թուրքիան մոտ ապագայում դառնա Եվրամիության անդամ:
«Վեստի»-ի ռեպորտաժում, օրինակ, ռուսաստանցի լրագրողը ասում է, որ սա «պատմական պահ է», որ դժվար թե Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները մնան նույն մակարդակին, որ Բեռլինը եվրոպական ժողովրդավարական սկզբունքներն ավելի է կարևորել, քան բարեկամությունը Էրդողանի հետ, և որ Թուրքիան չի դառնա Եվրամիության անդամ նույնիսկ 3000 թվականին՝ ինչպես Մեծ Բրիտանիայի վարչապետն է ասել, քանի դեռ չի ճանաչել հայերի ցեղասպանությունը:
Եվ իհարկե, ռուսաստանցի բոլոր մեկնաբանները շեշտում էին, որ Ռուսաստանն ավելի շուտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թեմային անդրադարձել են նաև ռուսական թերթերը:
«Կոմերսանտ»-ը գրել է, որ Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին, որ թուրքական արձագանքը բավականին կոշտ է լինելու:
«Վեդոմոստի»-ն նույնպես անդրադառնում է թուրք-գերմանական հարաբերություններին՝ նկատելով, որ թեև Թուրքիան հետ է կանչում իր դեսպանին, դժվար թե երկու երկրների միջև հարաբերությունների տեսանելի այս վատթարացումը լուրջ և տևական լինի:
«Ռոսիյսկայա գազետա»-ն «Բունդեսթագը պատասխանեց Բեռլինին» վերնագրված հոդվածում նկատում է, որ գերմանացի առանցքային քաղաքական գործիչները խորհրդարան չէին եկել, երբ քննարկվում էր ցեղասպանության մասին հարցը: Փորձագետ Ալեքսանդր Ռարը թերթին տված հարցազրույցում ասում է, որ չի կարծում, թե այս որոշումը հետևանքներ կունենա, ինչպես, օրինակ, հայերի փոխհատուցման պահանջներ կամ նման բաներ, սակայն հարաբերությունները Գերմանիայի և Թուրքիայի միջև այս որոշման ֆոնին ակնհայտորեն կվատանան, ինչպես նաև կվատանան գերմանացիների և թուրքերի հարաբերությունները Գերմանիայի ներսում:
Ռուսաստանցի գրեթե բոլոր լրագրողները նկատել են՝ Բեռլինն իր այս որոշմամբ ցույց տվեց Թուրքիային, որ ժողովրդավարական արժեքներն ավելի կարևոր են, քան քաղաքական շահերը: