Մատչելիության հղումներ

Քրգործ՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կաշառառության մասին ահազանգով


Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կաշառառության վերաբերյալ դատապարտյալի ահազանգով:

ՀՔԾ-ի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ինքը մինչև 2015թ. հունիսը պատիժ է կրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պարզել է, որ նշված հիմնարկում պատիժ են կրել առողջ դատապարտյալներ, ովքեր իրենց որպես հիվանդ ձևակերպելու և այդ հիմքով պատժի կրումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շարունակել թույլատրելու ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող նշված քրեակատարողական հիմնարկի բժիշկներին տվել են, իսկ վերջիններս այդ ակնհայտ ապօրինի գործողությունը կատարելու համար նրանցից անձամբ յուրաքանչյուր ամիս ստացել են նախապես պայմանավորված չափի կաշառք: Միաժամանակ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկները, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ իրականում հիվանդ ու անվճարունակ դատապարտյալներին որպես առողջ ձևակերպելու արդյունքում վերջիններս առանց բուժվելու հետ են ուղարկվել տարբեր քրեակատարողական հիմնարկներ»:

Պաշտոնատար անձին կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 311-րդ հոդվածի 2-րդ, և 312-րդ հոդվածի 1-ին մասերով, կատարվում է նախաքննություն, փոխանցում է ՀՔԾ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG