Մատչելիության հղումներ

Պատերազմից տուժած ԼՂ բնակավայրերի վերականգնումը՝ «Հեռուստամարաթոն-2016»-ի ծրագրում


Այսօր կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, օրակարգի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2015 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի 2015 թվականի գործունեության մասին տեսաֆիլմը:

Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Այն ներկայացրել են վերստուգիչ հանձնաժողովի անդամ Արա Ասլանը և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը:

Օրակարգի հաջորդ հարցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության մասին, զեկուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սահակյանը Ղարաբաղի ժողովրդի և իր անունից խորին երախտագիտություն է հայտնել ողջ հայ ժողովրդին, Հայաստանին և Սփյուռքին՝ Հայաստանի նախագահի գլխավորությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծանր օրերին Ղարաբաղին սատար կանգնելու համար:

Ղարաբաղի նախագահն ընդգծել է, որ հայ ազգն ունի յուրահատուկ մի ունակություն՝ համախմբվել ճակատագրական պահերին և լուծում տալ համազգային կարևորագույն խնդիրներին:

Սահակյանն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2016»-ի ծրագրում ներառել Ղարաբաղի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը: Առաջարկն ընդունվել է և ընդգրկվել 2016 թվականի հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:

Բակո Սահակյանի զեկույցից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ժամանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տեղական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որոնք կամփոփվեն գործադիր վարչության կողմից:

Խորհուրդը միաձայն հաստատել է «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության մասին զեկույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG