Մատչելիության հղումներ

Կառավարությունը տեղեկություն կհրապարակի պահանջված 10 ապրանքների ներմուծման վերաբերյալ


Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Ի կատարումն Հայաստանի վարչապետի հանձնարարականի՝ վերլուծել երկրում առկա մենաշնորհները, Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստում է զեկույց, որը, նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, շուտով պատրաստ կլինի:

Մինչ այդ նախարարը այսօր կառարավության նիստում ներկայացրեց առաջին փուլի արդյունքները: Ըստ այդմ՝ գործարարների համար պատրաստվել են բացատրական հուշաթերթիկներ կարագի, ալյուրի, ցորենի, շաքարավազի, արևածաղկի յուղի, հավի մսի, նարնջի, բանանի, բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման վերաբերյալ:

«Մենք առանձնացրեցինք տասը հիմնական ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում, լրագրողների շրջանում ամենապահանջվածն են, և որոնք ըստ էության նաև մենաշնորհային ոլորտներ են դիտարկվում հանրության և մասնագիտական շրջանակների կողմից», - նշեց նախարարը:

Վերլուծությունը ներկայացնելուց հետո Հովիկ Աբարահամյանի կառավարությունը ձեռքերը ծալած չի նստի. դաշնակցական նախարարը խոստանում է, որ հստակ քայլեր կլինեն։ Էկոնոմիկայի նախարարը որոշ մանրաամսներ է հաղորդում առայժ միայն կարճաժամկետ լուծումների վերաբերյալ․ - «Առաջին կարևոր խնդիրը մենք համարում ենք այն, որ տեղեկատվության հասանելիության խնդիր ունենք, այդ թվում նաև՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվության առումով: Երկրորդը, ի հավելումն պետական լիազորություններով օժտված մարմնի, անհրաժեշտ է նաև ձևավորել հանրային մարմին, որպեսզի այդ տեղեկատվության վերլուծության և դրանց համապատասխան հանրային ընկալումներին համահունչ նաև առաջարկներ ներկայացնի այս կամ այն ոլորտում կոնկրետ հակամենաշնորհային գործիքակազմ օգտագործելու կամ կիրառելու ուղղությամբ»:

Ծրագրվող բարեփոխումները Մինասյանը պայմանավորում է Սահմանադրության փոփոխություններով՝ նշելով, որ սահմանադրական նոր կարգի համապատասխան պետք է ամբողջովին վերանայվեն տարբեր ոլորտներում վարվող քաղաքականությունը:

Լրագրողների հարցին, թե արդյոք նախկին Սահմանադրությունն էր խանգարում մենաշնորհների դեմ պայքարին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ - «Դժգոհությունը միշտ էլ եղել է, ու հիմա հանձնարարական կա, որպեսզի իրականացվի կոնկրետ քայլեր: Դուք դժգո՞հ եք դրանից: Հիմա փոխանակ մենք բոլորս կարողանանք միավորվել և այդ քաղաքականությունը կյանք դարձնել, հենց փորձ է արվում մի լավ բան անել, սկսում ենք քննադատել, բա նախկինում ինչու չէր արվել: Ես ոչ միայն հավատում եմ [որ այդ ամենը կյանքի է կոչվելու], այլև պայքարում եմ հանուն դրա»:

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, չի հավատում, թե ներկայիս իշխանությունները ի վիճակի են կյանքի կոչել տված խոստումները, բայց վստահ է, որ մենաշնորհները, քաղաքական կամքի դրսևորման դեպքում, հնարավոր է վերացնել․ - «Առայժմ որևէ նման հիմք՝ եզրակացնելու, որ նրանք կարող են նման բան անել, ես չեմ տեսնում: Ավելին՝ ինչքան շատ են խոսում մենաշնորհների վերացման մասին, ասենք, հեղուկ վառելիքի ներկրման ազատականացման մասին, այնքան ավելի թանկանում է բենզինը․ այս վերջին օրերին տասը դրամով թանկացել է: Սա նշանակում է, որ այդ խոսակցությունները բացարձակապես դատարկ են: Սահմանադրության հետ կապելը դեմագոգիա է․ ի՞նչ կապ ունի Սահմանադրության հետ մենաշնորհների դեմ պայքարը»:

«Ապրիլյան բախումները ցնցել են հանրությանը, տեսականում կարող էին սթափեցնել նաև իշխանություններին», - ասում է Զուրաբյանը՝ ավելացնելով, որ գործնականում, սակայն, նման զարգացում չի տեսնում․ - «Իրենք էլ հասկանում, որ այդքան կորուստները չեն մարսի, թեկուզ որպես իշխանություն: Բայց արդյոք այդ ցնցումը իսկապես բերել է նրան, որ իրենք պատրաստ են իրավիճակը փոխել․․․ Ես նման բան դեռ չեմ տեսնում: Շատ պարզ չափանիշ կա՝ պարզելու մոնոպոլիաները վերացե՞լ են, թե՞ չէ․ հենց որ գները սկսեն իջնել 15, 20, 30 տոկոսով, ուրեմն իմացեք, որ մոնոպոլիաները վերացված են»:

XS
SM
MD
LG