Մատչելիության հղումներ

Շարմազանով. Գոնե օրենսդրությամբ հավասար պայմաններ են եղել ներկրողների համար


Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ
Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

ՀՀԿ խոսնակն ասաց, որ բարեփոխումների շարքը սկսվել է դեռևս նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ուղերձով։

Գոնե օրենսդրական մակարդակով, թղթերի վրա, Հայաստանում հարկային և մաքսային հավասար պայմաններ են եղել ներկրողների համար: Հինգշաբթի օրը իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան «Ազատության» հարցի, թե արդյո՞ք մինչև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը հարկային հավասար պայմաններ չեն եղել ներկրողների համար։

Հիշեցնենք, մայիսի 12-ին կառավարության նիստի մեկնարկին վարչապետը հայտարարեց իշխանությունների մի շարք նախաձեռնությունների մասին՝ բյուջեի խնայողություն, պետական համակարգի կրճատում, պայքար կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ։ Երեկ կառավարության նիստի ժամանակ դիմելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Հովհաննես Հովսեփյանին՝ վարչապետը հանձնարարեց. - «Պետական եկամուտների կոմիտեին նաև հանձնարարություն, որպեսզի հարկային և մաքսային հավասար պայմաններ ստեղծեն բոլոր ներկրողների համար: Դա լինելու է վերահսկողության ծառայության ներքո: Ստուգելու են և անպայման շաբաթ մեկ կամ ամիսը մեկ ստուգելու են»:

Շարմազանովը, վկայակոչելով Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունները նաև, ևս մեկ անգամ նշեց՝ «իրավական առումով մենաշնորհ չկա»։ «Իրականության մեջ ես մասնագետ չեմ, իրականության մեջ դա շատ լուրջ հարց է, որը լուրջ ուսումնասիրություն է պահանջում, ես չեմ այն պաշտոնյան, որի մասին պետք է խոսեմ», - ասաց խորհրդարանի փոխմախագահը։

ՀՀԿ-ի խոսնակն ընդգծեց, որ բարեփոխումների շարքը սկսվել է դեռևս վարչապետի հայտարարությունից, ապրիլյան պատերազմից շատ առաջ՝ փետրվարի 12-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով․ - «Հանրապետության նախագահը տվել է հստակ այն սկզբունքները, այն տեսլականը, որին պետք է ձգտի այլևս նոր Սահմանադրությամբ ապրող Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր պաշտոնյաները։ Ինքը [նախագահը] տվել է իշխանության փիլիսոփայությունը փետրվարի 12-ին, իմ խնդրանքը ձեզ՝ ընթերցեք հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ուղերձը և կտեսնեք այնտեղ բոլոր հարցերի պատասխանները»։

«Ե՛վ կառավարությունը, պարոն վարչապետն էլ՝ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, որի ղեկավարն է հանրապետության նախագահը, իրականացնում է այն քայլերը, որոնք տրվել են նախագահի հանձնարարականով, թե՛ Ազգային ժողովը, թե՛ կառավարությունը, պետական այլ մարմինները, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի առաջ շարժվեն այդ բարեփոխումների ուղղությամբ», - ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG