Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետած անձը անմեղսունակ է ճանաչվել


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալ Հովհաննես Մուրադյանի նկատմամբ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․ - «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ եզրակացության համաձայն՝ Հ. Մուրադյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ և ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս նա չէր կարող ու չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, ղեկավարել դրանք»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձագետների գնահատմամբ՝ Մուրադյանին հարկ է ճանաչել անմեղսունակ, ներկայիս հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում։

«2016թ. մայիսի 13-ին որոշում է կայացվել՝ Հովհաննես Մուրադյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին, նույն օրը որոշում է կայացվել՝ անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու մասին, որը հաստատվել է դատարանի կողմից, և մեղադրյալ Մուրադյանը տեղափոխվել է «Նուբարաշեն հոգեբուժական բժշկական կենտրոն»-ի հատուկ հսկողության բաժանմունք», - նաև ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG