Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ ՊՆ-ում և ԱԳՆ-ում


Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին հանդիպումներ է ունեցել ԳԴՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում՝ ՊՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Դոկտոր Ֆոն Գեյերի և ԵԱՀԿ-ում ԳԴՀ նախագահության համակարգող խմբի ղեկավար տիկին Անիթե Լենդերցի հետ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպումներին մասնակցել են ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:

Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-գերմանական երկկողմ համագործակցության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, մասնավորապես` ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքում ԳԴՀ համապատասխան կառույցների հետ փորձի փոխանակման, ռազմական կրթություն և միջազգային առաքելություններին համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր: Քննակվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:

ԳԴՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի ամրապնդման, մշտադիտարկման ընդլայնման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ու դրանց շուտափույթ իրագործման համար անհրաժեշտ կարողությունների կիրառման հնարավորությունները:

Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպումներ կունենա ԳԴՀ կանցլերի աշխատակազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG