Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողների հարազատները դիմել են ՄԻԵԴ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը, ինչպես տեղեկացնում է խմբի անդամ Արտակ Զեյնալյանը, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքների անդամների անունից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

«Դիմողներն իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել են Դատարան` զոհվածների նկատմամբ միջամտության հետևանքով իրենց հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցների, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու խնդրով», - տեղեկացնում է փաստաբանը:

Ապրիլի 9-ին և 15-ին Դատարանը գրանցել է գանգատները և այդ մասին տեղեկացրել դիմողների ներկայացուցիչներին:

«Դատարանը սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն՝ սահմանափակելով այդ վարույթների շրջանակում ընդունվող որոշումների և այլ փաստաթղթերի հանրային հասանելիությունը: Այս հանգամանքով պայմանավորված՝ դիմողները և նրանց ներկայացուցիչները չեն կարող ապահովել հանրությանը տեղեկատվության լիարժեք հասանելիությունը: Դատարանի ընթացակարգային կանոնների խախտումը դիտարկվում է իրավունքների չարաշահում և կարող է հանգեցնել ընդհուպ դատարանի կողմից դիմումների քննության դադարեցմանը», - փոխանցում է Զեյնալյանը՝ խնդրելով լրագրողներին և այլ անձանց զերծ մնալ գործերի մանրամասների վերաբերյալ զոհերի ընտանիքների անդամներին և նրանց ներկայացուցիչներին հարցեր առաջադրելուց, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված, չճշտված տեղեկատվության հանրայնացումից՝ գործերի քննության ընթացքին չվնասելու նկատառումներով:

«Հավաստիացնում ենք, որ դիմողների ներկայացուցիչները հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությունը բարեխղճորեն կտրամադրեն` իրենց նախաձեռնությամբ` Դատարանի ընթացակարգային կանոններին համապատասխան», - փոխանցում է փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG