Մատչելիության հղումներ

Հայաստանը «պատրաստ է եղել Ադրբեջանի լայնածավալ գործողություններին»


«Համապատասխան տեղեկություններ հրամանատարական կազմին հաղորդվել է, և դա է առաջին հերթին հիմք հանդիսացել, որ մենք կարողացել ենք ամբողջ ճակատով դիմագրավել և ունենալ հաջողություններ», - Ազգային ժողովում այսօր հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք պատրաստ ենք եղել Ադրբեջանի իրականացրած լայնածավալ գործողություններին», - Ազգային ժողովում այսօր հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով․ - «Համապատասխան տեղեկություններ հրամանատարական կազմին հաղորդվել է, և դա է առաջին հերթին հիմք հանդիսացել, որ մենք կարողացել ենք ամբողջ ճակատով դիմագրավել և ունենալ հաջողություններ: Երկրորդը այն դիակների առկայությունն է, որոնք որ կան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում և մեր խրամատներում: Ես նկատի ունեմ հակառակորդի կողմից»:

Պատգամավորների հարցերի հիմնական հասցեատերը հենց Պաշտպանության նախարարն էր, ով, ի դեպ, Ազգային ժողով էր եկել զինվորական համազգեստով:

Սեյրան Օհանյանը պարզաբանեց, թե Մոսկվայում կրակի դադարեցման պայմանավորվածությունների ձեռքբերմանն ինչու չի մասնակցել ԼՂ ներկայացուցիչը․ - «Մեր համար հասկանալի է, որ տվյալ իրավիճակում Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության բանակի, ասենք, շտաբի պետի մասնակցությունը այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում: Նաև պայմանավորվածության շրջանակներում, երևի թե, բանակցային այս առկայության պայմաններում նպատակահարմար մենք չգտանք: Բայց մեզ բոլորիս համար հասկանալի է, որ բոլորս ձգտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես հակամարտության կողմ, մաս կազմի նաև բանակցային գործընթացին»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն») հարցին, հայտարարեց․ - «Այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցածը տարբեր կոնվենցիաների խախտում էր»:

Փոստանջյանը հետաքրքրվում էր միջազգային ատյաններ դիմելու համար մշակվող իրավական ու քաղաքական քայլերով:

«Այստեղ ռազմական հանցագործություններ կան խաղաղ բնակչության հետ կապված: Մենք ուսումնասիրում ենք միանգամից մի քանի ուղղություններով: Առաջին հերթին, բնականաբար, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի տեսանկյունից Միջազգային քրեական դատարանի հետ կապված որոշակի հարցեր․․․ Հայաստանի Հանրապետությունը, թեև ստորագրել, բայց չի վավերացրել Հռոմի կոնվենցիան: Բայց կան այդ կոնվենցիայով նախատեսված որոշակի մեխանիզմներ, որոնց կիրառման արդյունավետության և նպատակահարմարության հարցը քննարկման առարկա պիտի դառնա: Հաջորդ կոնվենցիան, որի խախտումը եղել է, և որի ուղղությամբ քայլեր կարող են ձեռնարկվել․ խոսքը վերաբերում է «Ռասայական խտրականության մասին» Հաագային կոնվենցիային: Թալիշում տեղի ունեցած դեպքերի հետ կապված, անկասկած, գիտեք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ևս գանգատներ կարող են ներկայացվել: ՄԱԿ-ի մարմիններում որոշակի գործողություններ կարող են իրականցվել: Հստակ հաշվարկված քայլեր պիտի իրականացվեն՝ անկախ արդյունքի երաշխավորված լինելուց», - ասաց նախարարը:

Մհեր Շահգելդյանի հարցին, թե կան արդյոք նոր մոտեցումներ զինված ուժերը Հայաստանում արտադրվող զենքով կամ զինատեսակներով համալրելու ուղղությամբ, նախարարը արձագանքեց․ - «Մենք կարողացանք հաջողություններ ունենալ այսօրվա մեր ձեռքի տակ ունեցած սպառազինության և ռազմական տեխնիկայի ճշգրիտ կիրառման, նրա նկատմամբ հոգատար լինելու և ճիշտ շահագործման շնորհիվ։ Հասկանալի է, որ քանակական առումով որոշակի մենք զիջում ենք, և վերջին տարիների մեր կատարած աշխատանքը բերել է նրան, որ այսօր մենք անցել ենք զինված ուժերի զարգացման երկրորդ ժամանակահատվածին․․․ որին մաս է կազմում նաև սեփական ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացումը»:

XS
SM
MD
LG