Մատչելիության հղումներ

Վահրամ Բաղդասարյան․ Որևէ սանտիմետր տարածք չենք տվել մեր թշնամուն


«Ազատություն»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Իշխող քաղաքական ուժի ղեկավար ներկայացուցիչը, անդրադառնալով երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի պայմանավորվածությանը կրակը դադարեցնելու մասին, համոզմունք հայտնեց, որ դա հնարավոր է դարձել միջազգային հանրության միջնորդության շնորհիվ․ - «Ե՛վ Մինսկի խումբը, և՛ ՄԱԿ-ը, և՛ մնացած բոլոր երկրները հորդորներով և միջնորդություններով հնարավորություն ստեղծեցին, որ Մոսկվայում երկու շտաբի պետերը նստեն խորհրդակցության, որպեսզի այս հրադադարի համար լինի պայմանավորվածություն»:

«Ազատություն»․ - Իսկ ինչո՞ւ հենց Մոսկվայում:

Բաղդասարյան․ - Որտեղ որ լիներ, Դուք պետք է ասեիք՝ ինչո՞ւ Վիեննայում, ինչո՞ւ Փարիզում․․․ Բնականաբար , ո՛չ Երևանում կարող էր լինել և ո՛չ էլ Բաքվում, և որևէ տեղ պետք է լիներ: Ընտրվել է Մոսկվան:

«Ազատություն»․ - Գուցե հենց Ռուսաստանի միջնորդությո՞ւնն է եղել պատճառը:

Բաղդասարյան․ - Նաև Ռուսաստանի: Եթե միայն Ռուսաստանը լիներ, կարող էին ուրիշ հրահրողներ լինեին․ ասենք, Թուրքիան և մյուս երկրները հրահրեին հակառակը և ձախողվեր այս ամեն ինչը: Այսինքն, սա եղել է ընդհանուր․․․ այսպես ասած, կոնսենսուս է եղել միջազգային կառույցների միջև, նաև հզոր գերտերությունների միջև, որ, այո, պետք է այս հրադադարը տեղի ունենա:

«Ազատություն»․ - Փաստաթուղթ չի՞ ստորագրվելու:

Բաղդասարյան․ - Այդ մասին որևէ քննարկում չկա:

«Ազատություն»․ - Նախագահ Սերժ Սարգսյանը իր ուղերձում ԵԱՀԿ երկրների դեսպաններին հայտարարեց, որ պետք է լինի վերադարձ ապրիլի 1-ի դրությամբ հենակետերի, դիրքերի: Արդյո՞ք այն վիճակը, որ այսօր կա, ձեռնտու է Հայաստանին:

Բաղդասարյան․ - Ամբողջովին մեր տարածքները հսկողության տակ են: Այնտեղ չկա որևէ խնդիր տարածքների կորստի կամ գրավման: Այնտեղ դիրքեր ասած այսպիսին է՝ եթե կարող է կա մեկ դիրք, որտեղ որ այդ խրամատներում գտնվում են նրանց զինվորները և, ենթադրենք, այդ զինվորները մտածում են, որ հետ գնալու պայմաններում կարող են իրենց մեջքից խփել, և նրանք անորոշության մեջ են: Եվ վաղ թե ուշ այդ զինվորները պետք է տեղափոխվեն: Որևէ սանտիմետր տարածք չենք տվել մեր թշնամուն: Ես դա հայտարարում եմ և՛ որպես Ազգային ժողովի պատգամավոր, և՛ որպես խմբակցության ղեկավար․ չկա նման երևույթ, այն ամենը, ինչը որ ունի նշանակություն, քաղաքական և տարածքային նշանակություն, գտնվում է Ղարաբաղի պաշտպանության բանակի հսկողության տակ:

XS
SM
MD
LG