Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 13:20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի շահագործման ծառայության կարգավարից ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի էլեկտրոնային փոստին հաղորդագրություն է ստացվել հնարավոր ահաբեկչության մասին։
«Մասնավորապես՝ էլեկտրոնային նամակում նշվել է, թե մարտի 24-ին «կպայթեցվի ժամը 20:40-ին Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, որից հետո կպայթեցվի «Զվարթնոց» օդանավակայանը։ Հայաստանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է», - ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում մարտի 25-ին հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։ Նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կատարվում է նախաքննություն: