Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք լուծվում են


Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են, այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում։

«Քիչ առաջ ավարտվեցին մեր բանակցությունները, որոնց ժամանակ քննարկեցինք մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: Մեր երկրների միջև առկա են գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ութ տասնյակից ավելի համաձայնագրեր: Այդ իրավապայմանագրային հարուստ դաշտը, երկուստեք շահագրգռվածությունը և պատրաստակամությունը լավ հիմք են` երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Պայմանավորվեցինք նաև առավել ակտիվացնել երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները», - ասաց Նալբանդյանը։

Նա նշեց, որ մտքեր են փոխանակել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ, խոսել ակտիվ միջխորհրդարանական համագործակցության մասին։

«Իմ վրացի գործընկերոջ հետ քննարկեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, առևտրատնտեսական, ֆինանսական, կրթական, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Նալբանդյանն ընդգծեց, որ շարունակվում է համագործակցությունը Վրաստանի հետ՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով։

«Ես գործընկերոջս տեղեկացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին։ Այս առումով կարևոր է Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափին՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը», - ասաց արտգործնախարարը։

Միխեիլ Ջանելիձեն Հայաստանում է՝ Էդվարդ Նալբանդյանի հրավերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG