Ուրբաթ երեկոյան երկու անծանոթներ՝ ներկայանալով որպես ռուսաստանյան НТВ հեռուստաընկերության լրագրողներ, դիմել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի գրասենյակի ղեկավարին՝ անձնական բնույթի մեկնաբանությունների պահանջով:
Չնայած մերժմանը, նրանք փորձել են ձայնագրություններ կատարել վերջինիս բնակարանի մուտքի մոտ: Անծանոթների խոսքով, իրենք «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության նախկին աշխատակիցներից որոշ տեղեկություններ են ստացել, ինչի շուրջ էլ «մեկնաբանություններ» են պահանջել:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը կատարվածը որակել է «վախեցնելու խորշելի օրինակ»:
Վերջին տարիներին НТВ հեռուստաընկերությունը Ռուսաստանի ընդդիմության, անկախ ԶԼՄ-ների և քաղաքացիական ակտիվիստների ներկայացուցիչներին զրպարտելու բազմաթիվ փորձեր է արել: Մեկ շաբաթ առաջ էլ ռուսական երկրորդ ալիքով ցուցադրվող՝ Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրերը» հաղորդման մեջ ներառվել էր մի սյուժե, որում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցները ներկայացվել էին որպես Ռուսաստանի շահերի դեմ գործող օտարերկրյա գործակալներ: