Մատչելիության հղումներ

Նոր մեղադրյալ՝ ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով


Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ևս մեկ մանկաբարձ-գինեկոլոգի։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մանկաբարձ-գինեկոլոգը, ում ինքնությունը առայժմ չի հրապարակվում, մեղադրվում է մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ։

Այսօր ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ «ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել նաև «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը։ Վերջինս, քննիչի՝ փետրվարի 18-ի որոշմամբ, նեգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»։

Նշենք, որ այս գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին։

Հիշեցնենք՝ 2015 թվականի հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը երկու օր անց մահացել է: Ըստ Քննչական կոմիտեի, դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը չորս օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG