Die Zeit պարբերականի մեկնաբան Միխաել Թումանի համոզմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ստեղծել նոր աշխարհակարգ։
Սիրիայում միջազգային տերությունները փորձում են հրադադար հաստատել։ Դա չի նշանակում, որ մարտերը կավարտվեն․ դրանք կշարունակվեն Հալեպից հյուսիս, Լաթաքիայից արևմուտք և հարավ։
Բայց Ռուսաստանի և Ամերիկայի համաձայնությունը կանխում է ռուսական օդուժի օգնությամբ նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի լայնածավալ գրոհը, ինչը որոշակի նվաճում է և շունչ քաշելու հնարավորություն Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր ջոկատների համար։
Այստեղ հարց է ծագում` ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինը կեսճանապարհին կանգ առնում։ Պատասխանը, ըստ Թումանի, շատ պարզ է` «Պուտինը միջամտել է Սիրիայի հարցին ոչ թե Հալեպի մի քանի ավերված արվարձան գրավելու, այլ աշխարհում նոր կարգ հաստատելու նպատակով»։
Die Zeit-ի վերլուծաբանը վկայակոչում է ռազմական հարցերով ռուսաստանցի անկախ փորձագետ Ալեքսանդր Գոլցին, ով ասել է, թե այս պահին Սիրիայի իրավիճակը շատ բարենպաստ է Պուտինի համար։
«Գերտերությունները փորձում են իրենց շահերն ապահովել խամաճիկային ուժերի օգնությամբ։ Մոսկվայի համար դա նախագահ Ասադն է, Վաշինգտոնի համար` «չափավոր ընդդիմությունը»։ Պայքարի ավարտը դժվար է արագ գուշակել, քանի որ կա հակամարտող ևս մեկ կողմ` «Իսլամական պետություն»-ը»,- ասել է Գոլցը։
Ուստի, նրա կարծիքով, երկու գերտերությունները պետք է միմյանց հետ պայմանավորվեն, թե ինչպես լուծել Սիրիայի հարցը։
Պուտինի ցանկությունն է, որ աշխարհում վերականգնվի 1947-1990 թվականների կացությունը։
Այս տարի Մյունխենում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նկատել է տվել, թե Արևմուտքի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմի» վիճակ է։ Ովքեր դրանում միայն վտանգ են տեսել, չեն հասկացել, թե ինչ է ցանկանում ասել վարչապետը` խոսքը ցանկալիի մասին է։ Հենց Ռուսաստանն է ուզում, որ հաստատվի այդ հարաբերակցությունը` «երկու գերտերություն, համաշխարհային միջուկային պատերազմի սպառնալիք, վերահսկվող հակամարտություններ, այդ ամենից բխող համաձայնություն և լիակատար հանգստություն»։
Նոր աշխարհակարգի այդպիսի բանաձևը տեղ է գտել անցյալ տարվա աշնանը ՄԱԿ-ում Պուտինի արտասանած ելույթում, երբ Կրեմլի ղեկավարը խոսել է 1945 թվականի Յալթայի խորհրդաժողովի մասին, որի մասնակիցները` Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Խորհրդային Միությունը պայմանավորվել են հետպատերազմյան Եվրոպայի դրության մասին։
Սիրիայի վերաբերյալ «Յալթայի սկզբունքը» կիրառելու համար Ամերիկան և Ռուսաստանը պետք է զսպեն իրենց խամաճիկներին և պարզեն, թե որքանով են դրանք վերահսկելի։
Եթե ստացվի, Մերձավոր Արևելքը կբաժանվի ազդեցության գոտիների, ապա նույնը կլինի Արևելյան Եվրոպայում։ Եվ աշխարհի կդառնա «շատ պարզ ու հասկանալի»։
«Յալթա-2»-ը հնարավոր է, եթե Ամերիկան անտարբերություն դրսևորի և նահանջի դիվանագիտության ասպարեզում։
«Դժվար թե դա ընդունելի լինի Հիլարի Քլինթոնի համար, մինչդեռ Դոնալդ Թրամփի հարցում այդպիսի համոզվածություն չունեմ»,- նշել է Die Zeit-ի մեկնաբան Միխաել Թումանը։