Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվեցին Սիրիայի հարցում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդում է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության մասին, Մոսկվա, 22 փետրվարի, 2016թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդում է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության մասին, Մոսկվա, 22 փետրվարի, 2016թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը երեկ ուշ երեկոյան հայտարարել են Սիրիայում հակամարտությունը փետրվարի 27-ից դադարեցնելու ծրագրի համաձայնեցման մասին։

Երկու երկրները ընդգծել են, որ համաձայնությունը չի վերաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին, «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ալ-Նուսրա» խմբավորմանը և բոլոր այն միավորումներին, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Ամերիկացիների դաշինքը և Ռուսաստանի օդուժը շարունակելու են հարվածներ հասցնել դրանց դիրքերին։

Հակամարտության մեջ ներքաշված բոլոր մնացած կողմերը պետք է Ամերիկայի և Ռուսաստանի զինվորական ներկայացուցիչներին պաշտոնապես տեղեկացնեն իրենց համաձայնության մասին։ Վերջնաժամկետը սպառվում է փետրվարի 26-ին, Դամասկոսի ժամանակով ցերեկը ժամը 12-ին։

Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այդ համաձայնությունը «գործնական քայլ է Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ»։

«Մենք հեռախոսազրույց ենք ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ, զրույցը եղել է մեր նախաձեռնությամբ, բայց հետաքրքրությունը փոխադարձ է, մեր զրույցի ընթացքում մենք համաձայնեցրել ենք Սիրիայում հակամարտությունը դադարեցնելու մասին Սիրիայի աջակցության խմբի համանախագահներ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարությունը»,- երեկ երեկոյան տեղեկացրել է Պուտինը։

Սպիտակ տունը հայտարարել է, որ համաձայնությունը դժվար կլինի իրագործել, «սակայն այն ընձեռում է հարցը լուծելու հնարավորության, և Ամերիկան կփորձի ամեն ինչ անել դրական արդյունքի համար»։

Սիրիայի հիմնական ընդդիմադիր խմբավորումը` Բանակցության գերագույն կոմիտեն, հայտնել է, թե ընդունում է հրադադարի առաջարկը՝ պայմանով, որ խաղաղ բնակիչների վրա գրոհները դադարեցվեն, պաշարված բնակավայրերն ապաշրջափակվեն, բանտերում գտնվող մարդիկ ազատ արձակվեն և ընձեռվի բնակավայրեր մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորություն։

Ըստ երեկվա հայտարարության, ամերիկացիների և ռուսների միջև կհաստատվի «թեժ գիծ», որի միջոցով զինվորականները կփոխանակեն կարևոր տեղեկություններ, բացի այդ, ենթադրվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը հսկելու է հրադադարի պահպանման ընթացքը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը «երկար սպասված հույսի ազդակ» է անվանել երեկվա համաձայնությունը և բոլոր կողմերին հորդորել է այն անշեղորեն կատարել։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան գովեստով է խոսել համաձայնության մասին։

«Մեզ շատ ոգևորում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համաձայնության փաստը, հիմա անհրաժեշտ է այն կյանքի կոչել»,- ասել է դե Միստուրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG