Մատչելիության հղումներ

Մոգերինին ընտրախախտումների թափանցիկ հետաքննության կոչ է անում


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծում է՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև ընտրական համակարգի բարեփոխմանը:

Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ արեց Հայաստանի իշխանություններին թափանցիկ հետաքննություն վարել և համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրախախտումների մասին պնդումների առնչությամբ:

Իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո եվրոպացի բարձաստիճան պաշտոնյան հատկապես կարևորեց փոխհամաձայնությունը նոր Ընտրական օրենսգրքի շուրջ․ - «Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ընտրական համակարգի բարեփոխմանը: Մենք քննարկել ենք սա, և այս բարեփոխումը պետք է ժամանակին արվի և արվի այնպես, որ շահագրգիռ բոլոր կողմերը կարողանան փոխհամաձայնության գալ դրա շուրջ: Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների խմբի կողմից՝ սահմանադրական հանրաքվեի առնչությամբ արված առաջարկություններին, որոնք տեղ են գտել եզրափակիչ զեկույցում,, ինչպես նաև նախորդ առաջարկություններին, որոնք դեռ պետք է իրականացվեն: Առանց ընտրախախտումների մասին պնդումների թափանցիկ հետաքննության և համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ եթե այդ պնդումները հաստատվեն, սահմանադրական վերջին հանրաքվեն բաց թողնված հնարավորություն կլինի՝ Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար»։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն արեց երեքշաբթի երեկոյան Երևանում՝ Հայաստանի նախագահի նստավայրում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Նույնիսկ այս դժվարին ժամանակաշրջանում Եվրամիությունը Հայաստանի առևտրային առաջին գործընկերն է, Հայաստանում առաջին ներդրողն է և Հայաստանի առաջին դոնորն է: Սակայն խոսքը միայն դրամի մասին չէ, թեև այն փոքր դեր չի խաղում: Պետք է հատկապես ընդգծել ժողովրդավարության, օրենքի իշխանության, հակակոռուպցիոն պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների, սահմանադրական և դատական բարեփոխումների, արդարադատության և հաշվետվողականության կարևորությունը: Գիտեմ, որ այսօր հատուկ օր է՝ այս մասին խոսելու համար», - ասաց Մոգերինին:

«Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին՝ առաջընթաց գրանցելու քաղաքական, սոցիալական բարեփոխումների գործում, շարժունակության օրակարգում և բարելավելու մարդու իրավունքների պաշտպանությունն ու հիմնարար ազատությունների ամրապնդումը», - հայտարարեց Եվրամիության բարձր ներկայացուցիչը:

Նախագահականում կայացած երեկվա ասուլիսում ժողովրդավարական բարեփոխումներից խոսեց նաև Հայաստանի արտգործնախարարը:

«Հիմնվելով ընդհանուր արժեքների վրա՝ մենք շարունակելու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարման կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ամրապնդումը», - հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

Սահմանադրական հանրաքվեից հետո ԱՄՆ ու եվրոպական երկրների դեսպանատները հանդես եկան մի շարք հայտարարություններով՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրախախտումների առնչությամբ: Եվրամիության դեսպանն անգամ Հայաստանի հետագա լճացման վտանգ տեսավ:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը (ՀՀԿ) «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են «լիարժեք տեղ ունենալ եվրոպական ժողովրդավարական ընտանիքում», և «հայաստանյան բոլոր ընտրությունները եղել են նախորդներից մեկ քայլ առաջ, սակայն՝ ոչ անթերի»․ - «Բայց մեր նպատակը չէ քաղաքական առումով ամեն կերպ բավարարել, անել ամեն ինչ, որպեսզի բավարարված լինեն մեր միջազգային գործընկերները՝ դիտարկելով մեր ընտրական գործընթացը: Մենք գործ ունենք հանրային ամենամեծ միջոցառումներից մեկի՝ ընտրությունների կամ հանրաքվեի հետ, որտեղ մասնակցայնության բոլոր խնդիրները պետք է ամբողջությամբ տեղավորել օրենքի շրջանակներում: Միշտ չէ, որ դա հաջողվում է, հետևաբար յուրաքանչյուր ընտրություն մեր համար անպայման բերում է հետևություններ անելու անհրաժեշտություն»:

Հարցին, թե մտադի՞ր են արդյոք մշակվող նոր Ընտրական օրենսգրքում հաշվի առնել ընդդիմադիրների մոտեցումները, Զաքարյանը պատասխանեց․ - «Բնականաբար Ընտրական օրենսգիրքը բոլոր քաղաքական ուժերի համար թիվ մեկ օրակարգային հարցն է լինելու: Եվ բնականաբար Հանրապետական կուսակցության համար խիստ էական և կարևոր է, որ այն նաև մեծամասնության հավանությանն արժանանա: Չեմ կարող ասել, որ մենք կունենանք հարյուր տոկոսանոց համաձայնությունների դաշտ բոլոր քաղաքական ուժերի պարագայում, բայց, այնուամենայնիվ, համագործակցության պատրաստակամությունը․․․ լսել, բոլորի կարծիքը քննարկել, կարծիքներ ասել»:

Նրա խոսքով, Ֆեդերիկա Մոգերինիի երևանյան այցի նպատակը հասկանալն էր, թե Հայաստանում ինչպիսի քաղաքական պատրաստակամություն կա Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու առումով:

Զաքարյանի փոխանցմամբ՝ հայաստանյան իշխանությունների ռազմավարությունը հետևյալն է․ վարել «բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ միմյանց չհակադրելով տարբեր ուղղությունները»․ - «Եթե, օրինակ, Ադրբեջանի համար կարևոր չէ Եվրամիության հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների զարգացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք ամրապնդման առումով, բնականաբար, մեր համար սա առաջնային և շատ կարևոր խնդիր է: Եվ այդ հարցում, բնականաբար, մենք չենք տեսնում Եվրասիական տնտեսական միության մեջ մեր ռեֆորմներին համապատասխան աջակցություն: Եվրասիական տնտեսական միությունը մեզ համար բոլորովին այլ նշանակություն ունի»:

XS
SM
MD
LG