Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները Մոգերինիի հետ հանդիպմանը բարձրացրել են Մարտի 1-ի հարցը


Նախագահ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մոտ մեկ ժամ փակ դռների հետևում հանդիպեց 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Դեկտեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեից մինչև Մարտի 1-ի գործի բացահայտում․ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով` այս հարցերն են հիմնականում եղել օրակարգում։

«Շատ բարձրաձայնողներ եղան մարդու իրավունքների մասին, հատկապես՝ խոսքը գնաց Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, որ դեռևս պետք է բացահայտվեն Մարտի 1-ի դեպքերը», - պատմեց Իշխանյանը:

Ներկաները ընդգծել են՝ սպանությունները մինչ օրս չեն բացահայտվել, մեղավորները չեն պատժվել։ Հանդիպմանը ներկա քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նաև ընդգծել է՝ Մարտի 1-ը է՛լ ավելի է բևեռացնում Հայաստանի քաղաքական դաշտը։

«Ներկաներից շատերը, այդ թվում և ես, կարևորեցինք նրա՝ այստեղ գալու ամսաթիվը», - ասաց Կիրակոսյանը:

Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի խոսքով՝ ինքը ընդգծել է՝ Մարտի 1-ից հետո ևս ակտիվիստների նկատմամբ բռնությունների տասնյակ դեպքեր են եղել, որոնք նույնպես չեն հետաքննվել և արժանի պատիժ չեն ստացել:

Ներկաների խոսքով՝ հանդիպման մյուս գլխավոր թեմաներից մեկը սահմանադրական հանրաքվեն էր։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համակարծիք են եղել՝ Հայաստանում անցկացվել է խախտումներով զուգակցված և անվստահելի քվեարկություն, և արդեն հիմա շատ կարևոր է, որ ստեղծվի նոր խախտումների հնարավորություն չտվող ընտրական օրենսգիրք։

«Ես ընդգծել եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է արագացնեն և խորացնեն բարեփոխումները, իրական մարտահրավերն ուղղված է ոչ այնքան քաղաքացիական հասարակությանը, որքան կառավարությանը։ Եվրամիությունը չի կարող լուծել Հայաստանի խնդիրները, բայց կարող է շատ լուրջ գործիք լինել Հայաստանի ժողովրդավարացման համար», - նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, խոսելով մարդու իրավունքների մասին, չեն մոռացել ճաղերի ետևում փակված ընդդիմադիրներին՝ Շանթ Հարությունյանին և ընկերներին, Գևորգ Սաֆարյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Հայկ Կյուրեղյանին։

«Անունները տրվել են և տրվել է նաև ցուցակը՝ մեր կարծիքով քաղաքական հետապնդումների ենթարկվողների», - ասաց Ավետիք Իշխանյանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, Հելսինկյան կոմիտեի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամի և մյուս կազմակերպությունների ղեկավարները հույս ունեն, որ իրենց լսելուց հետո եվրոպացի դիվանագետները Հայաստանի հետ հարաբերությունները կառուցելիս ուշադրություն կդարձնեն նաև մատնանշված խնդիրներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG