Մատչելիության հղումներ

Մոգերինի. ԵՄ-ՀՀ ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ողջ տարածաշրջանի համար


Եվրամիության բարձր ներկայացուցիչը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի հետ։

Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪Մոգերինին սկսել է հանդիպումները Հայաստանում

Եվրամիության բարձր ներկայացուցիչն արդեն հանդիպել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Նալբանդյանը նշել է, որ սա Մոգերինիի առաջին այցն է Հայաստան, որն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման և խորացման վրա:

Արտգործնախարարության փոխանցմամբ, Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի համար:

Հանդիպմանը անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին:

Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին՝ քաղաքական երկխոսությանը, շարժունակությանը, մարդու իրավունքներին, տնտեսական բարեփոխումներին, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցությանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել երկրում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորության շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միգրացիոն ճգնաժամին և փախստականների հոսքերին։

«Հայաստանում ապաստանել են Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստականներ. այդպիսով, մեր երկիրը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ, սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում», - ասել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը արժևորում է այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը։

Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրականացումը։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Կողմերը համակարծիք էին, որ իրավիճակի սրմանը նպաստող ապակառուցողական քայլերը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են ստատուս քվոյի երկարաձգմանը։

Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է հետևողական ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG