ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը արձանագրվում են, և ներկայումս հիմք չկա եզրահանգելու, որ հրադադարը ձախողված է:
Երկուշաբթի օրը ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Քերրին համաձայնել է ռուսաստանցի գործընկեր Սերգել Լավրովի հետ այն հարցում, որ անհրաժեշտ է երաշխիքներ մշակել, որպեսզի Սիրիայում հարվածներ հասցվեն միայն իսլամիստ ծայրահեղականների դիրքերին:
Մեծ Բրիտանիայում գործող սիրիացի իրավապաշտպանները նշում են, որ հրադադարը պահպանվում է երկրի տարածքների մեծ մասում, ու նկատվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի նվազում: Միաժամանակ, արձանագրվել է կառավարական զորքերի առաջխաղացում Դամասկոսի շրջանում, որոնք նաև վերստին վերահսկողություն են հաստատել դեպի Հալեպ տանող ճանապարհի նկատմամբ: