Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին


ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյն, արխիվ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյն, արխիվ

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ալ-Հուսեյնը բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնողական, հետևողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ` ընդգծելով, որ այսօր միջազգային հանրությունն առավել վճռական է տրամադրված մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Նալբանդյանը շեշտել է. - «Որպես 20-դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավորված ենք զգում քայլեր ձեռնարկել մարդկության դեմ նոր հանցագործությունները բացառելու գործում միջազգային հանրության ջանքերի միավորման ուղղությամբ»։

Քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետևանքով մարդու իրավունքներին, փոքրամասնություններին առնչվող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առումով նշվել է, որ Հայաստանը ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ 20 հազար փախստականների։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ Հայաստանի և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել։

Զրուցակցի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG