Զինված ուժերում ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում այսօր վաղ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, և նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Ստանալով համապատասխան ազդանշանը` ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանկարծակի ստուգման նպատակն էր ստուգել զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանը, նրանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու աստիճանը:
Շարահրապարակում ողջունելով անձնակազմին` նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է Զինված ուժերում պլանային և արտապլանային միջոցառումների, մարտավարաշարային պարապմունքների անցկացման և անձնակազմի զգոնության աստիճանը մշտապես բարձր պահելու կարևորությունը: Նա շեշտել է, որ յուրաքանչյուր զինծառայող և քաղաքացիական հատուկ ծառայող պետք է պատրաստ լինի կարճ ժամանակահատվածում առաջադրվող խնդիրների կատարմանը և ունակ լինի դրսևորելու համակարգված մոտեցում, մասնագիտական բարձր պատրաստվածություն:
Այս առումով Օհանյանը ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմին տվել է որոշակի ցուցումներ և հանձնարարականներ: