Կառավարությունն այսօր իր պահուստային ֆոնդից 130 միլիոն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հիմնախնդիների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գումարը հատկացվել է համայնքների ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես՝ գազաֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ ու սոցիալական բնույթի ծրագրերի համաֆինանսավորման նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, ծրագիրն իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով:
Վարչապետը հիշեցրել է, որ IFAD-ն իրականացնում է սահմանապահ համայնքների գազաֆիկացման, ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագիրը, և համայնքները չունեն համաֆինանսավորման համար այդ 10 տոկոսը վճարելու հնարավորություն:
«Այդ ծրագիրը իրականացնելու, ավարտելու համար մենք այդ 130 միլիոն դրամը հատկացնում ենք սահմանապահ համայնքներին», - ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Կառավարության որոշմամբ՝ սոցիալական աջակցություն կտրամադրվի նաև Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին:
Ըստ հաղորդագրության, աջակցությունը նախատեսվում է տրամադրել 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար՝ բաժանորդների սպառած գազի ծավալի (մինչև 30 խմ) 50 տոկոսի չափով, սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50 տոկոսի չափով, ոռոգման ջրի սակագնի մասնակի, ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով: