Ֆրանսիայի մայրաքաղաքում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ գումարված կլիմայի հարցերով գագաթնաժողովի շրջանակում երեկ երեկոյան հանդիպել են Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման։
Սպիտակ տան և Կրեմլի պաշտոնյաների փոխանցմամբ, 30 րոպե տևած զրույցի ընթացքում Օբաման ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը վայր է գցել Սու-24 մարտական ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է ռուս օդաչուն։
Ռուս-թուրքական հարաբերություներում այդ միջադեպից հետո սկսվել է լուրջ ճգնաժամ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե ցավում է միջադեպի համար, թե թուրքերն այլ կերպ կվարվեին, եթե իմանային, որ ինքնաթիռը ռուսական է, և թե ինքը պատրաստ է փարիզյան գագաթնաժողովում հանդիպել Պուտինի հետ։
Սակայն տեղի ունեցածը թիկունքից դավաճանական հարված համարող Պուտինը չի ընդունել հանդիպման առաջարկը։
Օբաման Պուտինին հորդորել է Սիրիայում ռուսական օդուժի միակ թիրախը դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դիրքերը։ Նա ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է անցումային փուլում հեռանա պաշտոնից։ Պուտինն ու Օբաման նշել են, որ Սիրիայում անհրաժեշտ է սկսել քաղաքական կարգավորման գործընթացը։
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Պուտինը և Օբաման արծարծել են նաև Ուկրաինայի թեման ու մասնավորապես կարևորել մինսկյան համաձայնագրի իրագործումը։
Մինչդեռ, թուրքերը համառորեն պնդում են, որ մտադիր չեն ներողություն խնդրել նոյեմբերի 24-ի միջադեպի համար։ Երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ զրույցից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ասել է, որ օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը կառավարության պարտականությունն է:
«Թուրքիայի և ոչ մի վարչապետ կամ նախագահ ներողություն չի խնդրի պարտականությունները կատարելու համար», - հայտարարել է Դավութօղլուն։