Մատչելիության հղումներ

Սեֆիլյանը Ավետիսյանին հորդորում է դադարեցնել հացադուլը


Վոլոդյա Ավետիսյանը դատարանի դահլիճում, մայիս, 2014թ․
Վոլոդյա Ավետիսյանը դատարանի դահլիճում, մայիս, 2014թ․

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը դիմել է Վոլոդյա Ավետիսյանին՝ հորդորելով դադարեցնել հոկտեմբերի 30-ից հայտարարած անժամկետ հացադուլը:

«Դու ընտրել ես բանտային խիստ սահմանափակ պայմաններում պայքարի ծայրահեղ ձևը՝ հացադուլը: Սակայն այսօրվա կառավարիչները բարոյականություն չունեն, ուստի նրանց կառավարման պարագայում վերջնական արդյունքի չես հասնելու քո առողջությանը վնասող այդ ծայրահեղ քայլով: Ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի դեպքը ասածիս ամենաթարմ ապացույցն է», - «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության փոխանցմամբ՝ Ավետիսյանին գրել է Սեֆիլյանը:

«Միևնույն ժամանակ՝ քո հացադուլն արդեն տվել է շատ ավելի ցանկալի արդյունք քո զինակիցների և մեր ժողովրդի շրջանում: Մարդիկ մեկ անգամ ևս հիշեցին, որ ազատամարտիկներն անտեսված են, իսկ ժողովուրդը՝ իրավազրկված ու կեղեքված: Դու օգնեցիր նաև մեր երկրի ազատագրման գործում ժողովրդի համախմբմանը, քանի որ այս օրերին մենք պատրաստվում ենք մեր հայրենակիցներին ոտքի հանել», - բանտում գտնվող ազատամարտիկին գրել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը:

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների իրավունքների համար բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը, հիշեցնենք, հացադուլ հայտարարեց իրեն վաղաժամ ազատ արձակելու դիմումի հերթական մերժումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG