Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանը 6 տարվա ազատազրկման դատապարտվեց


Վոլոդյա Ավետիսյանը 6 տարվա ազատազրկման դատապարտվեց
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր 6 տարվա ազատազրկման դատապարտեց ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու կալանավորված Վոլոդյա Ավետիսյանին:

Վոլոդյա Ավետիսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքն ու պնդել, որ իշխանությունները պարզապես փորձում են պատժել իրեն անցած տարի նախաձեռնած բողոքի ակցիաների համար։

Դատավորը ուժի մեջ թողեց նաև Ավետիսյանին պատկանող գույքը կալանքի տակ թողնելու որոշումը այնքան ժամանակ, մինչև նա կվճարի այդ 2 հազար դոլարին համարժեք դրամը։

Երբ դատավոր Լևոն Ավետիսյանն ավարտեց վճռի հրապարակումը, Ավետիսյանին սատարելու եկած մարտական ընկերներն ու համախոհները հայհոյախառն արտահայտություններով արտահայտեցին իրենց զայրույթը:

Վճռի հրապարակումից հետո Ավետիսյանը ոչինչ չասաց, ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ դատարանի դահլիճից։ Նա այսօր իր վերջին խոսքն ասել էր ավելի վաղ՝ մինչև դատավորի՝ խորհրդակցական սենյակ անցնելը։

«Մարտական ընկերներ, հարգելի հայ ժողովուրդ, հարգելի անարդարադատություն: Ուրեմն մեր երկրում հետաքրքիրը ի՞նչ է․․․ երբ քննիչը գալիս առաջարկում է, որ խոստանամ, դուրս գամ՝ չպայքարեն, ուրեմն չեն դատում, դուրս ես գալիս: Եթե ասում ես՝ չէ, դուրս եմ գալու պայքարելու, ուրեմն պետք է նստես», - իր խոսքում ասաց Ավետիսյանը:

Ազատամարտիկը կոչով դիմեց մարտական ընկերներին ու ընտանիքի անդամներին․ - «Պատրաստ եմ նստելու, որովհետև եթե ուզում ես երկիր փրկես, պետություն փրկես, ազգ փրկես, պիտի գնաս ինքնազոհության: Իսկ այն 6-7 հազար հոգին՝ իմ ընկերները մարտական, որ պառկած են Եռաբլուրում, Արցախում, նրանք դրա արդյունքն են, որը որ խոնարհվում եմ բոլոր մեր ազատամարտիկների, զոհվածների առջև»:

Ավետիսյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ մեղավոր չէ, որ իշխանություններն իրեն պարզապես պատժում են անցած տարի նախաձեռնած բողոքի ակցիաների համար ու հավելեց․ - «Կոչ եմ անում հայ ժողովրդին, համայն հայությանը՝ գան մեր Հայաստան պետությանը տեր կանգնեն»:

Ավետիսյանը, հիշեցնենք, մեղադրվում է խարդախության և խարդախության փորձի մեջ․ ըստ քրեական գործի՝ քաղաքացուց 2 հազար դոլար է վերցրել վերջինիս թոռանը բանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում՝ 500 դոլար է փորձել վերցնել՝ կրկին բանակում հարցեր լուծելու համար։

Ազատամարտիկի պաշտպան Արա Զաքարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ եթե դատարանը 5 տարվա ազատազրկման դատապարտեր նրա, ապա համաներման որոշմամբ Ավետիսյանը դատարանի դահլիճից այսօր ազատ կարձակվեր։ Բայց, փաստորեն, 6 տարվա ազատազրկման դատապարտելով՝ դատարանը ղարաբաղյան պատերազմի մասնակցին համաներումից օգտվելու հնարավորություն չտվեց։

Պաշտպանական կողմը բողոքարկելու է վճիռը վերաքննիչ ատյան։

XS
SM
MD
LG