Աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ օրը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթընի Բլինքենի հետ։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորել 2015 թվականի հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը և մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել առաջիկայում նախատեսված հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ու Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման անցկացման շուրջ։
Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությունը։
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում սեպտեմբերին խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին Հայաստանի նախագահի մասնակցության կապակցությամբ և գոհունակություն հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։
Նալբանդյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։