Մատչելիության հղումներ

Սարգսյան. Հայ-չեխական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկային:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը փաստել է, որ հայ-չեխական տարբեր մակարդակի հանդիպումներից հետո երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը նոր լիցք է հաղորդվում, և դրանք շարունակում են դինամիկ զարգանալ:

«Լինելով քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած պետություն՝ մենք մեծապես արժևորում ենք աշխարհընկալմամբ մեզ մոտ կանգնած ժողովուրդների հետ հոգևոր կապի և փոխհարաբերությունների ընդլայնումը։ Անկասկած, չեխ ժողովուրդը նրանց թվին է պատկանում: Այդ տեսանկյունից մեծապես կարևորում և բարձր եմ գնահատում Ձեր այցը Հայաստան», - ասել է նախագահը:

Երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական եկեղեցու և Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու հարաբերություններում առկա համագործակցային մթնոլորտը, որում, ըստ Սարգսյանի, անգնահատելի է կարդինալ Դուկայի դերը:

«Շատ ուրախ եմ, որ ինձ առիթ է ընձեռվել այցելել Հայաստան՝ մի երկիր, որ ոչ միայն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, այլև ունի հարուստ հնագույն պատմություն ու մշակույթ, և մի ժողովուրդ, որն այդ ամենի կրողն է և մեծագույն հարգանք է ներշնչում», - ասել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:

Նշելով, որ չեխ ժողովուրդը քաջատեղյակ է, թե ինչ ոճրագործություն է կատարվել անցյալ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ, կարդինալն ընդգծել է, թե վստահ է՝ երկու բարեկամ ժողովուրդների, պետությունների և եկեղեցիների միջև ձևավորված ջերմ հարաբերություններն ու գործակցությունը պետք է ուղղված լինի նաև աշխարհում խաղաղության հաստատմանն ու անհանդուրժողականության վերացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG