Մատչելիության հղումներ

Ոստիկանության մայորը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի մեջ


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Նորայր Ճաղարյանը կատարել է պաշտոնեական կեղծիք, ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, Ճաղարյանը, «2014 թվականի դեկտեմբերի 14-ին տեղեկանալով, որ քաղաքացի Սիմոն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և գտնվում է անգիտակից վիճակում, առանց հիշյալ բժշկական կենտրոնում Սիմոն Կ.-ին այցելելու, կազմել է նրանից բացատրություն վերցնելու մասին պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ դատավարական արձանագրություն»:

«Նորայր Ճաղարյանը իր կողմից կազմված արձանագրության մեջ մտցրել է Սիմոն Կ.-ի կենսագրական տվյալները, ինչպես նաև կազմել է կեղծ բացատրության արձանագրություն, թե, իբր, Սիմոն Կ.-ն իրեն հայտնել է, որ գլխի շրջանում առկա վնասվածքը ստացել է ինքնազգացողության վատացման պատճառով՝ վայր ընկնելու հետևանքով: Կեղծ արձանագրության մեջ ոստիկանության աշխատակից Ն. Ճաղարյանն անձամբ է կատարել Սիմոն Կ.-ի անունից կատարված գրառումներն ու ստորագրությունները և դրանք կցել նախապատրաստված նյութերին, սակայն հետագայում պարզվել է, որ Սիմոն Կ.-ն գիտակցության չգալով մահացել է», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Ճաղարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասով, որով սահմանված ամենամեղմ պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, ամենախիստը՝ մինչև երկու տարվա ազատազրկումը:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG